Թագուհին կզրկվի ավիապարկից. Եղիսաբեթ II-ը ինքնաթիռը «կիսելու է» Ջոնսոնի հետ

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը կզրկվի ավիապարկից ու հեռահար թռիչքների համար կօգտվի վարչապետի ինքնաթիռից։ Տեղեկությունը հայտնում է Mail Online պարբերականը:

«Թագուհու ինքնաթիռների պաշտոնական պարկը կվաճառվի պաշտպանական ծախսերի կրճատման պատճառով։ Թագուհին կօգտագործի Բորիս Ջոնսոնի ինքնաթիռը, որը ներկված է ազգային դրոշի գույներով։ Ինքնաթիռները, որոնցից թագավորական ընտանիքն օգտվել է 1980-ականներից, հաջորդ տարվանից դուրս կբերվեն ՌՕՈւ-ի կազմից։ Թագուհին կառավարման ընթացքում առաջին անգամ առանց անձնական ինքնաթիռի կմնա» – նշում է պարբերականը:

Թագավորական ընտանիքին սպասարկում են BAE-146 տարածաշրջանային չորս ինքնաթիռներ, որոնք վերագրվում են Ռազմաօդային ուժերի 32-րդ էսկադրիլիային։ Ստորաբաժանման կազմում է նաև AW-109 ուղղաթիռը, որը թագուհին կշարունակի օգտագործել երկրում ուղևորությունների համար: Ավիատեխնիկան հիմնված է Լոնդոնի արևմուտքում Northolt ռազմաօդային ուժերի բազայում։

Ներկայում կառավարությունը մշակում է արտաքին քաղաքականության և պաշտպանության նորացված ռազմավարություն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի օպտիմալացում ու, մասնավորապես, ցամաքային զորքերի թվաքանակի կրճատում 10 հազարով։ Նաև շահագործումից դուրս են բերում մի շարք նավեր ու ինքնաթիռներ: Սպասվում է, որ ռազմավարությունը կներկայացվի մարտի 16-ին։ Այն վերաբերում է նաև թագավորական ավիապարկի կրճատմանը:

Ինքնաթիռը, որը Եղիսաբեթ 2–րդը պետք է կիսի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ, անցյալ տարի վարչապետ որոշմամբ ազգային դրոշի գույներով է ներկվել: Վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ այդ նպատակի համար ծախսվել է 900 հազար ֆունտ ստեռլինգ։