«Շատ մարդկանց իրական «Ես»-ն ի հայտ եկավ»․ Անելյա Գուբրյանը՝ նախորդ տարվա ծանր ապրումների, ներկայիս զբաղվածության և իր բիզնեսների մասին

Նախորդ տարվա դժվարությունները չեն շրջանցել նաև դերասանուհի Անելյա Գուբրյանին, ով պատերազմական շրջանում կորցրեց հարազատ մարդկանց և ընկերներին, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում վարակվեց կորոնավիրուսով։ Իսկ արդեն այս ընթացքը դերասանուհին օգտագործում է վերականգնվելու, աշխատանքին նվիրվելու և միայն առաջ շարժվելուն ուղղված քայլեր ձեռնարկելու համար։

ShowBiz.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է իր ներկայիս զբաղվածության, իր բիզնեսների, նախորդ տարվա բարդ ընթացքի և կյանքի նոր փուլի մասին, ինչպես նաև անդրադառնալով մարտիության տոներին՝  նշել է, որ դրանց բացարձակ կարևորություն չի տալիս, և որ նվերների և ուշադրության համար կնոջը, առհասարակ, ոչ մի տոն էլ անհրաժեշտ չէ։

«Ես, առհասարակ, տոներ չեմ սիրում ու շատ անտարբեր եմ դրանց նկատմամբ։ Դրա համար նշանակություն չեմ տալիս շնորհավորանքներին կամ նվերներին։ Խոստովանեմ, որ այդ ամենն ինձ համար մեկ է։ Անգամ ինքս նվերներ չեմ գնում, քանի որ չեմ կարծում, որ հատուկ ինչ-որ օր է անհրաժեշտ քեզ համար կարևոր մարդուն նվերներ անելու համար։ Ես նույնիսկ իմ ծննդյան օրը չեմ նշում»,- կիսվում է դերասանուհին։

Պատերազմից հետո շատերս ստիպված եղանք բախվել ծանր իրականությանը, երբ անհրաժեշտ էր ուժ գտնել և պայքարել ապրելու իրավունքի համար։ Իսկ թե ինչպես է այն ստացվում մեզ մոտ, միայն ժամանակը ցույց կտա։
«Կարծում եմ՝ ուղղակի կարողացա ուժ գտնել իմ մեջ։ Կյանքի փորձությունները ցանկացածի համար են, և եթե դրանք չես ընդունում, չես կարողանում վերականգնվել, ուրեմն դու անիմաստ ես ապրում այս կյանքը։ Միանշանակ պետք էր վերականգնվել, անցնել առաջ․․․
Այդ սպիները, որոնք կան, դեռ շատ երկար մեզ հետ կմնան, դրանք ոչ մի պարագայում չեն անհետանա։ Բայց պետք է շարունակել ապրել և միայն առաջ նայել»,- նշում է Անելյան։

Հոգեբանական ընկճվածությունից զատ՝  նախորդ տարին ծանր հարված հասցրեց նաև ֆինանսական առումով։ Խափանվեցին բազմաթիվ գործնական ծրագրեր, նախագծեր և աշխատանքային ծրագրեր․ «Մի շարք նախագծերի խափանումներ եղան՝ հիմնականում գործնական առումով։ Դասեր, գործեր․․ ամբողջը խառնվեց իրար»,- պատմում է դերասանուհին, ապա նաև հավելում, որ կորուստները միայն այդքանով չեն սահմանափակվել․ «Պետք է նշեմ նաև, որ մարդկանց հետ շփման ժամանակ ևս ինչ-որ չափով լարվածություն առաջացավ։ Շատ մարդկանց իրական «Ես»-ն ի հայտ եկավ։ Լարված ժամանակ մարդը սկսում է ցույց տալ իր իրական դեմքը՝ առանց դիմակների և կեղծիքների։ Դրա համար, միանշանակ, մարդկանց հետ շփումն էլ փոխվեց, հետևաբար նաև նրանց հանդեպ իմ վերաբերմունքը»։

Խոսելով ծրագրերի մասին՝ դերասանուհին նշում է, որ այժմ աշխատում է այլևս ապագայի պլաններ չկազմել, քանի որ նախորդ տարին մեզ սովորեցրեց, թե ինչպես կարող է ամեն բան մեկ վայրկյանում ի չիք դառնալ։ «Գիտեք՝ անցյալ տարին ինձ սովորեցրեց, որ առհասարակ ոչինչ պլանավորել պետք չէ։ Այսինքն, ես ապրում եմ այս օրով՝ իմ ներկայով։ Ցանկացած գործ, ծրագիր առհասարակ փորձում եմ մաքսիմում երկու-երեք շաբաթվա համար պլանավորել։ Հիմա բացարձակ չեմ փորձում հետագայի մեծ պլաններ կազմել, իհարկե, մտածում եմ դրանց մասին, ինչ-որ պլաններ գծում, բայց միայն այդքանը։ Ես հասկացա, որ պետք չէ թողնել այս օրը և ապրել վաղվա օրվա սպասումով, ես հիմա փորձում եմ ամեն օրս էլ ավելի լավը դարձնել»,- պատմում է Անելյան։

Դերասանուհին այժմ նկարահանվում է երկու նախագծում, շարունակում ուսումը համալսարանում, հասցրել է բացել իր գեղեցկության սրահը, ինչպես նաև իր բիժուների բրենդն ունի։
«Նախագծերից մեկը «Սիրո թևեր» հեռուստասերիալն է, որը հեռարձակվում է «Նոր Հայաստան» հեռուստաալիքով, մյուս նախագծի մասին դեռևս չեմ կարող շատ մանրամասներ ներկայացնել, բայց կասեմ, որ լինելու է հայ-ամերիկյան համատեղ աշխատանք»,- նշում է Անելյան։

Վերջում դերասանուհին հավելում է, որ 2020-ը շատ բան փոխեց նաև իր վերաբերմունքի և մտածողության մեջ․ «Միշտ գնահատել ու սիրել եմ ընտանիքիս հետ անցկացրած ժամանակը, բայց նախորդ տարին շատ մեծ կորուստների տարի էր, ու ես հասկացա, որ այն քիչ մարդիկ, ովքեր կան իմ կողքին, ավելի շատ սիրո և ջերմության կարիք ունեն։ Ես հասկացա, որ պետք է միշտ շատ լավ տրամադրվեմ նրանց հանդեպ, ավելի նվիրված ու պատասխանատու լինեմ, քան այն մարդկանց նկատմամբ, ովքեր այդքան էլ կարևոր դեր և նշանակություն չունեն իմ կյանքում։ Ես այնպիսի մարդ եմ, որ յուրաքանչյուրին տվել եմ էներգիա, սեր, հոգատարություն, բայց անցյալ տարին ինձ սովորեցրեց, որ այդ ամեն ինչը պետք է պահեմ և ավելի հարազատ մարդկանց նվիրեմ»։

Նյութը՝ Լուս Ավագյանի