Հայտնի ջութակահար Իզաբել Ֆաուստը հանդես կգա Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ

Մոցարտի և Պագանինիի մրցույթների հաղթող, ճանաչված ջութակահար Իզաբել Ֆաուստը, որը հանդես է գալիս աշխարհահռչակ նվագախմբերի հետ, մարտի 16-ին ելույթ կունենա Հայաստանում:

Ֆաուստը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կկատարի Բեթհովենի Ջութակի կոնցերտը: Ֆաուստը համարվում է վերոնշյալ կոնցերտի  ամենահամոզիչ կատարողներից մեկը: Համերգը կղեկավարի Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Իզաբել Ֆաուստն առաջադրվել է Գրեմմի մրցանակի և արդեն արժանացել է Գրամոֆոն և BBC երաժշտական մրցանակների: 20-րդ դարի լավագույն դիրիժորներից մեկը՝ աշխարհահռչակ Կլաուդիո Աբադոն նրան համարում է մեր ժամանակների լավագույն ջութակահարուհիներից մեկը:

Նա նշել է. «Բեթհովենի կադենցաները երաժշտությունը տանում են զարմանալի ուղղություններով, որոնք առավել բաց և խաղային են, և ջութակի համար որոշ հատվածներ կատարելը բավականին դժվար է: Ֆաուստը կարողանում է գտնել այնպիսի լուծումներ, որոնք թե՛ լավագույնս ներկայացնում են բեթհովենականությունը և թե՛ ջութակի տեսանկյունից համոզիչ են»:

Երաժիշտները փաստում են՝  Ֆաուստի  հետ աշխատելիս ավելի լավ են նվագում։ Լազերային ճառագայթի նման նա կենտրոնացած թափանցում և բացահայտում է երաժշտության խորքերը և նոր չափանիշներ է սահմանում։ Նրան հետևելիս  միշտ զգում ես, թե ինչպես է Իզաբելը կորչում երաժշտության մեջ՝ վերահայտնվելով երաժշտության ներսից։