Բեն Աֆլեքը նկարահանվում է Ջորջ Քլունիի նոր ֆիլմում (լուսանկարներ)

Հոլիվուդյան հայտնի դերասան Բեն Աֆլեքին նկատել են նոր ֆիլմի նկարահանումների ընթացքում՝ ռետրո ոճի հանդերձանքով, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

48-ամյա դերասանին նկատել են իր հայրենի Բոստոն քաղաքում՝ նոր The Tender Bar ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Լուսանկարներում դերասանը կրում է ռետրո ոճի ջինսե տաբատ, շապիկ, կաշվե կոշիկներ և կաշվե բաճկոն՝ տեսքը լրացնելով «Ավիատոր» ոճի ակնոցներով և 1970–ականներին հատուկ հարդարմամբ։

The Tender Bar ֆիլմը Ջ․Ռ․ Մոերինջըրի համանուն «բեսթսելլերի» հիման վրա նկարահանվում է դերասան և ռեժիսոր Ջորջ Քլունիի կողմից։ Ֆիլմում Աֆլեքը մարմնավորում է բարերի սեփականատիրոջ, որը հոգ է տանում իր եղբորորդուն։

Աղբյուրներն ասում են, որ դերասանն ուրախ է կրկին Ջորջ Քլունիի հետ աշխատելու, ինչպես նաև իր հայրենի քաղաք վերադառնալու համար, որտեղ մեծացել է եղբոր՝ Քասի Աֆլեքի և մտերիմ ընկերոջ՝ Մեթ Դեմոնի հետ:

Ջորջ Քլունին եղել է Բեն Աֆլեքի ռեժիսորական և դերակատարմամն հայտնի «Արգո» ֆիլմի պրոդյուսերը։ Ֆիլմն արժանացել է «Օսկար» մրցանակի։