Սկանդալային հարցազրույցից հետո Էլիզաբեթ 2-րդը ցանկություն է հայտնել անձամբ զրուցել թոռան՝ արքայազն Հարիի և նրա կնոջ հետ

Հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիի հետ աղմկահարույց հարցազրույցից հետո Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը ցանկություն է հայտնել անձամբ զրուցել իր թոռան՝ արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի հետ, գրում է Daily Mail-ը։

Ինչպես նշում է պարբերականը, թագուհին այդ քայլով կփորձի «ջուր լցնել արդեն քանի օր վառվող կրակի վրա»:

Սպասվում է, որ նրանք կարող են հեռախոսազրույց ունենալ առաջիկա մի քանի օրերի ընթացքում:

Հիշեցնենք, որ Օփրահ Ուինֆրիին տված աղմկահարույց հարցազրույցի ընթացքում, Սասեքսի դքսուհին նշել էր, որ թագավորական ընտանիքի ավագ անդամները բրիտանական մամուլի միջոցով իր մասին կեղծ պատմություններ էին տարածում այն ժամանակ, երբ զույգը դեռևս թագավորական ընտանիքի ավագ անդամի դիրք էր զբաղեցնում։

Հարցազրույցի ընթացքում արքայազնը նշել է, որ թագավորական ավագ անդամի պարտավորություններից հրաժարվելու մասին զույգի հայտարարությունից հետո թագուհի Էլիզաբեթ 2-րդը նրանց հրավիրել է Սանդրինգհեմ, սակայն ավելի ուշ չեղարկել է հրավերը։ Արքայազնը շեշտել է, որ նույնիսկ թագուհին է ենթարկվում նրանց, ովքեր ղեկավարում են թագավորական ընտանիքը։

Խոսելով Մեծ Բրիտանիան լքելու պատճառների մասին՝ արքայազն առաջին տեղում նշել է ռասիզմը և պատմել թագավորական ընտանիքի անդամներից մեկի հետ զրույցի մասին, որի ինքնությունը, սակայն, չի բացահայտել։

Առաջին ծավալուն հարցազրույցում, որի ժամանակ ամուսինները ներկայացրել են թագավորական ընտանիքում ապրած ժամանակահատվածի ծանր պահերը, Մեգան Մարքլը խոստովանել էր, որ պատրաստ է եղել ինքնասպան լինել հղիության ընթացքում:

2021 թվականի փետրվարին Բուկինգհեմյան պալատը հաստատել է Սասեքսի դուքսի և դքսուհու վերջնական հրաժարականը թագավորական ընտանիքի անդամի պաշտոնական պարտականությունները կատարելուց: