«Պետք է շարունակեմ նախագիծը առանց մի մարդու, որն այն սոսնձի պես իրար էր կպցնում»․ «Սև հովազ»-ի ռեժիսորը՝ Բոուզմանի մասին

«Սև հովազ» (Black Panther) ամերիկյան ֆիլմի ռեժիսոր Ռայան Քուգլերը, որն այժմ աշխատում է 2018 թվականին թողարկված հայտնի ֆիլմի շարունակության վրա, Jemele Hill is Unbothered հեռուստառադիոծրագրի եթերում հայտնել է՝ դժվար է ֆիլմի 2-րդ մասը պատկերացնել առանց վաղամեռիկ դերասան Չեդվիկ Բոուզմանի, գրում է People ամսագիրը։
«Ես դեռ զգում եմ նրա կորստյան ցավը։ Դա իմ կյանքում խորը հետք է թողել։ Այժմ պետք է շարունակեմ նախագիծը առանց մի մարդու, որն այն սոսնձի պես իրար էր կպցնում»,- ասել է ռեժիսորը։

Քուգլերի խոսքով՝ «անասելի տխուր է ընկերոջը կորցնելու կապակցությամբ, բայց նաև իրեն մոտիվացնում է այն միտքը, որ ճանաչել և ժամանակ է անցկացրել նրա հետ»։
«Մարդիկ ամբողջ կյանքում միայն լսում են նրա նման մարդկանց մասին։ Իսկ ես նրան անձամբ եմ ճանաչել։ Դա մեծ արտոնություն է, որը մեծ էներգիայով է լցնում»,- ասել է ռեժիսորը։
Բոուզմանը, որի մոտ 4 տարի առաջ ախտորոշվել էր հաստ աղիքի քաղցկեղ, մահացել է ամիսներ առաջ։

Դերասանը ծնվել է ԱՄՆ-ում, 1976 թվականին: Նա խաղացել է «Արդարադատություն» (Justified, 2011),  «42» (2013), «Եգիպտոսի աստվածները» (Gods of Egypt, 2016), «Կապիտան Ամերիկա. Քաղաքացիական պատերազմ»  (Captain America: Civil War, 2016), «Վրիժառուները. Անվերջության պատերազմ» (Avengers: Infinity War, 2018) և այլ ֆիլմերում:
Նա լայն ճանաչում է ձեռք բերել «42» ֆիլմում կատարած Ջեքի Ռոբինսոնի և «Ջեյմս Բրաուն. Ճանապարհ դեպի վերև» ֆիլմում կատարած Ջեյմս Բրաունի դերերի շնորհիվ: Նաև կատարել է սուպերհերոս Սև հովազի դերը «Կապիտան Ամերիկա. Քաղաքացիական պատերազմ» ֆիլմում: Բոուզմանը կրկին մարմնավորել է այդ կերպարը 2018 թվականին թողարկված «Սև Հովազ» ֆիլմում: