Հայտնի են «Ոսկե ազնվամորի» հակամրցանակի հավակնորդների անունները

«365 օր» և «Բժիշկ Դուլիթլի զարմանահրաշ ճանապարհորդությունը» ֆիլմերն առաջադրվել են «Ոսկե ազնվամորի» հակամրցանակին`«Տարվա ամենավատ ֆիլմ», իսկ Ռոբերտ Դաունի կրտսերը և Ադամ Սենդլերը`«Տարվա ամենավատ դերասան» անվանակարգերում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Բացի վերոհիշյալ երկու ֆիլմերից, «Տարվա վատագույն ֆիլմ» կոչման համար առաջադրվել են նաև «Ֆանտազիաների կղզի», «Երաժշտություն» և «Բացարձակ ապացույց» կինոնկարները:

«Վատագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրվել են Էնն Հեթեուեյը «Վերջին բանը, որ նա ուզում էր» ֆիլմում դերակատարման համար, Քեթի Հոլմսը՝ «Տիկնիկ 2. Բրամս», Քեյթ Հադսոնը՝ «Երաժշտություն», Լորեն Լապկուսը՝ «Այն աղջիկը չէ», Աննա Մարիա Սիկլուցկան՝ «365 օր» ֆիլմերում դերակատարման համար:

Ինչ վերաբերում է «Վատագույն դերասան» անվանակարգին, ապա այս տարի Դաունիից և Սանդլերից բացի, առաջադրվել են «365 օր» ֆիլմից Միշել Մորոն, «Բացարձակ ապացույց»-ից Մայք Լինդելը և «Այն աղջիկը չէ» կինոնկարից Դեյվիդ Սփեյդը:

Հիշեցնենք՝ «Ոսկե ազնվամորի» հակամրցանակը տրվում է «Վատագույն ֆիլմ», «Վատագույն գլխավոր և երկրորդ պլանի դերասան կամ դերասանուհի», «Վատագույն ռեժիսոր», «Վատագույն սցենար» և այլ անվանակարգերում։ Այն դիտարկվում է որպես «Օսկար» հեղինակավոր կինոմրցանակի յուրատեսակ լրացում։