Երևանում կհնչի Բախի հանրահայտ «Մագնիֆիկատ» ստեղծագործությունը

Հայաստանում երկար դադարից հետո կհնչի Յ.Ս. Բախի «Մագնիֆիկատը»: Այն կկատարեն Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Երևանի պետական կամերայի ներգչախումբը՝ դիրիժոր Ջանլուկա Մարչանոյի (Իտալիա) ղեկավարությամբ:
Համերգը կկայանա մարտի 21-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Որպես մենակատարներ հանդես կգան Ջուլիանա Գրիգորյանը, Նունե Գրիգորյանը, Անուշ Մարտիրոսյանը, Միքայել Գրիգորյանը և Կիմ Սարգսյանը:

Կհնչի նաև Բախի Երգեհոնի կոնցերտը, մենակատար՝ Թերեզա Ոսկանյան:
Յոհան Սեբաստիան Բախը «Մագնիֆիկատը» ստեղծել է 1723 թվականի մայիսին: Բախն այդ շրջանում եկեղեցական ծառայության էր անցել Լայպցիգում, որտեղ էլ հենց նույն տարում՝ դեկտեմբերի 25-ին կայանում է ստեղծագործության պրեմիերան: «Մագնիֆիկատը» ստեղծագործություն է՝ գրված հնգաձայն երգչախմբի, մենակատարների և նվագախմբի համար:

Այն բացառիկ գեղեցկության և հզորության գործ է, որում միաձուլվում են ռենեսանսի ավանդույթներն ու 19-րդ դար տանող միտումները: Այս ստեղծագործությամբ Բախն ասես վերստեղծում է Վերածննդի դարաշրջանի իտալացի գեղանկարիչ Պաոլո Վերոնեզեի տոնական ստեղծագործությունների ներկապնակն ու գույները՝ երաժշտության լեզվով: Հետևելով աստվածաշնչյան տեքստերին՝ Բախը վերստեղծում է նաև հանճարեղ երաժշտական կերպարներ, որոնց բնորոշ է մերթ փափուկ մեղեդայնությունը, մերթ աղոթքի և ապաշխարելու յուրատեսակ մթնոլորտը:

«Մագնիֆիկատը» բաղկացած է 12 համարից, որոնցից յուրաքանչյուրը փոխանցում է ստեղագործության հիմնական գաղափարներն ու տրամադրությունը: Երաժշտությունն ու տեքստը միաձուլվում են՝ ստեղծելով յուրահատուկ ամբողջություն: