Մեգան Մարքլի խորթ քույրը կանխատեսել է նրա և արքայազն Հարրիի մոտալուտ բաժանումը (լուսանկարներ)

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի խորթ քույրը՝ Սամանթա Մարքլը, կանխատեսել է քրոջ և արքայազն Հարրիի մոտալուտ ամուսնալուծությունը:

«Ես կանխազգում եմ, որ նրանց ամուսնությունը կավարտվի ապահարզանով, եթե նրանք լուրջ ամուսնական խորհրդատվություն չստանան, ազնիվ չլինեն և ներողություն չխնդրեն 2 տարիների ընթացքում բոլորին հասցրած վնասների համար»,- TMZ-ին ասել է նա։

Նրա խոսքով՝ թագավորական ընտանիքին հասցված վնասը, հատկապես վերջին աղմկահարույց հարցազրույցից հետո, հսկայական է, և «36-ամյա արքայազնը պետք է արդեն կասկածի տակ դներ Մարքլի հետ իր ամուսնությունը»։

Սամանթան նաև անդրադարձել է Սասեքսի դքսուհու և իրենց հոր՝ Թոմաս Մարքլի միջև լարված հարաբերություններին՝ հայտարարելով, որ դրանց վերականգնման համար Սասեքսի դքսուհին հրապարակավ ներողություն պետք է խնդրի։

«Հրապարակավ ներողություն խնդրելը, գիտեմ՝ նման կլինի քարից արյուն քամելուն, բայց նա իր անազնվությամբ և իր նենգություններով մեծ վնաս հասցրեց մի մարդու, որը նրան անհավանական կյանք է պարգևել»,- հավելել է նա։

Հաղորդավարուհի Օփրա Ուինֆրիի հետ հարցազրույցի ժամանակ 39-ամյա Սասեքսի դքսուհին պնդել էր, որ գրեթե երկու տասնամյակ չի տեսել իր քրոջը՝ հայտնելով, որ վերջինս կրկին «Մարքլ» ազգանունով է սկսել հանդես գալ այն ժամանակ, երբ նա սկսել է հանդիպել արքայազն Հարիի հետ։