Քիմ Քարդաշյանն SKIMS-ի նոր հավաքածուից լուսանկարներ է հրապարակել (լուսանկարներ)

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում իրեն պատկանող SKIMS ապրանքանիշի նոր հավաքածուից լուսանկարներ է հրապարակել, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը։

Լուսանկարում Քիմը կրում է մոխրագույն երկար տաբատ և համապատասխան կրծկալ: Նա լուսանկարին կից գրել է․ «Տարված եմ SKIMS–ի գիշերազգեստով։ Իմ սպիտակ գուլպաները շատ ծիծաղելի են»։

Հավաքածուի գիշերազգեստով լուսանկարները հրապարակելուց բացի, 40–ամյա հեռուստաաստղն իր ինստագրամյան էջում տեղադրել է երկու լուսանկար, որտեղ կրում է կանաչ երկար և նեղ զգեստ՝ այն համադրելով վզնոցների, բարձրակրունկ սանդալների և շագանակագույն դիմահարդարման հետ։ Առաջին նկարին կից իրապատում շոուի աստղը գրել է․ «Մի խանգարեք, խնդրում եմ»։

Ինստագրամյան էջի «սթորի» բաժնում հեռուստաաստղը հրապարակել է նաև Պամելա Անդերսոնի և Թոմի Լիի լուսանկարները, որոնք արվել են 1995 թվականին։ Լրատվականը հիշեցնում է, որ 2018 թվականին Քիմը Հելոուինի կապակցությամբ հագնվել էր հրապարակված լուսանկարներում Պամելա Անդերսոնի տեսքով։

Քիմ Քարդաշյանն իրապատում շոուի վերջին եթերաշրջանի պրեմիերայի նախաշեմին զրուցել է Good Morning Vogue-ի հետ՝ 2020-ն անվանելով «մարտահրավերային տարի»։

«Կարծում եմ՝ այս տարին բարդ էր շատ մարդկանց համար, բայց այն նաև հնարավորություն էր՝ մեր կյանքում պարզ բաները գնահատելու համար»,- ասել է 40-ամյա հեռուստաաստղը։

Քարդաշյանը, որը շաբաթներ առաջ ռեփ կատարող Քանյե Ուեսթից բաժանվելու համար ամուսնալուծության հայց էր ներկայացրել, հայտնել է, որ «փորձում է երևույթներին դրական տեսանկյունից նայել» և նշել, որ չնայած այն փաստին, որ 2020-ը մարտահրավերային տարի էր, այն նաև վերականգնման, ստեղծագործելու, ընտանիքի հետ շատ ժամանակ անցկացնելու տարի էր։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քանյե Ուեսթը խզել է Քիմ Քարդաշյանի հետ կապերը և նրա հետ շփվում է միայն «երրորդ անձանց միջոցով»։