Արքայազն Հարրին սկանդալային հարցազրույցից հետո զրուցել է եղբոր և հոր հետ

Արքայազն Հարրին Օփրա Ուինֆրիին տված աղմկահարույց հարցազրույցից հետո խոսել է եղբոր՝ արքայազն Ուիլյամի և հոր՝ արքայազն Չարլզի հետ, սակայն նրանց զրույցը «անարդյունավետ» է եղել: CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին ամերիկյան CBS հեռուստաալիքի առավոտյան ծրագրի եթերում հայտնել է Սասեքսի դուքսերի մոտ ընկեր Գեյլի Քինգը:

«Հարրին զրուցել է իր եղբոր, ինչպես նաև հոր հետ: Սակայն խոսակցություններն արդյունավետ չեն եղել: Սակայն նրանք ուրախ էին, որ խոսակցություն, այնուամենայնիվ, տեղի է ունեցել»,- ասել է Քինգը:

Սասեքսի դքսի ու դքսուհու՝ Օփրա Ուինֆրիին տված սկանդալային հարցազրույցում արքայազն Հարրին հայտնել էր, որ չափազանց հազվադեպ է խոսում եղբոր ու հոր հետ, և որ վերջիններս ինչ-որ պահի դադարել են պատասխանել իր զանգերին:

Քինգի խոսքով՝ ամուսիններին հիասթափեցրել էր Բուկինգհեմյան պալատի արձագանքն իրենց հարցազրույցին: Թագավորական պալատից անցյալ շաբաթ հայտնել էին, որ Մեգան Մարքլի հայտարարությունները մտահոգիչ են, և դրանց շուրջ հետքննություն պետք է անցկացվի:

Հիշեցնենք, որ Մեգան Մարքլը հայտնել էր, որ թագավորական ընտանիքի որոշ անդամներ մտահոգվում էին իրենց առաջնեկի՝ Արչիի մաշկի հավանական մգության համար, երբ նա դեռ հղի էր: