Հյուսիսային Կորեայում K-pop-ը համեմատել են ստրկության հետ

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի ռեժիմի քարոզչական կայքերից մեկն օտարերկրյա ազդեցության դեմ նոր արշավի շրջանակներում փոփ երաժշտության և մասնավորապես՝ հարևան Հարավային Կորեայի K-pop երաժշտական ուղղության դեմ քննադատությունների տարափ է հնչեցրել։

Հարավային Կորեայի ամենահայտնի խմբերը, այդ թվում՝ BTS-ը և Blackpink-ը, միլիոնավոր երկրպագուներ են նվաճել ամբողջ աշխարհում, սակայն Հյուսիսային Կորեայի պաշտոնյաները, կարծես թե, մեղմ ասած՝ այդքան էլ տպավորված չեն այդ փաստով, գրում է CNN-ը:

Հեռուստաալիքը հաղորդում է, որ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը տարեցտարի ավելի ու ավելի է սկսում մտահոգվել օտարերկրյա ֆիլմերի, երաժշտության, գրքերի և հեռուստատեսային ծրագրերի՝ հյուսիսկորեացիների վրա հնարավոր ազդեցությամբ։ Ընդ որում, երկրում գործում են գրաքննության խիստ կանոններ։

Փորձելով մարդկանց շեղել մասսայական դարձող K-pop-ից, ռեժիմի քարոզչական կայքերից մեկը գրել է, որ հարավկորեական երաժշտական ուղղության արվեստագետներին «դեռևս վաղ տարիքից ստիպում են անարդար պայմանագրեր կնքել, արտիստներն անդադար փորձեր են անում, նրանց վերաբերվում են ինչպես ստրուկների և իրենց մարմինը, միտքը և հոգին վաճառում են արվեստի հետ կապված արատավոր և կոռումպացված մարդկանց»։