Քանյե Ուեսթի կարողությունը գնահատվում է 6,6 մլրդ դոլար. ռեփերի YEEZY բրենդի եկամուտները տարեցտարի ավելանում են

43-ամյա ամերիկացի ռեփեր, դիզայներ, ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Քանյե Ուեսթի կարողությունը գնահատվում է 6,6 մլրդ դոլար, ինչը զգալիորեն ավելի է 2020 թվականի ապրիլին հրապարակված ցուցանիշից, գրում է People ամսագիրը։

UBS Group AG ներդրումային բանկային ընկերության տվյալների համաձայն՝ ռեփերի YEEZY բրենդը, որը համագործակցում է Adidas գերմանական սպորտային հագուստի բրենդի և ամերիկյան Gap ընկերության հետ, ունի տարեկան մոտ 3,2-ից 4,7 մլրդ եկամուտ։

Bloomberg-ի հաղորդմամբ՝ Yeezy-ի և Gap-ի նոր համագործակցության հասույթը «կարող է կազմել մինչև 970 մլն դոլար»։

Yeezy բրենդը, որն ի սկզբանե ստեղծվել էր Adidas-ի հետ համագործակցությամբ, ներկայում լիովին պատկանում է Ուեսթին․ ավելի վաղ վերջինս Gap-ի հետ Yeezy Gap ապրանքանիշի ներքո հագուստի ստեղծման և վաճառքի մասին 10-ամյա պայմանագիր էր ստորագրել։

Ուեսթն իր Yeezy մարզակոշիկների առաջին հավաքածուն թողարկել է 2009 թվականին, այն բանից հետո, երբ իր գաղափարներով ինքնաթիռում կիսվել է Nike ընկերության գլխավոր տնօրենի հետ: 2013-ին Yeezy հավաքածուն Nike-ից «տեղափոխվել» է Adidas: Կարևոր է նշել, որ Ուեսթը պահպանել է Yeezy ապրանքանիշի սեփականության իրավունքը, ինչը նրան թույլ է տվել տեղափոխվել Adidas, երբ, ըստ Forbes-ի, Nike-ը հրաժարվել է վճարել մարզակոշիկների հասույթը:

Աղբյուրը նշում է նաև, որ Ուեսթն իր կարողության մի մասը վաստակել է երաժշտության միջոցով, քանի որ նա բոլոր ժամանակների «ամենավաճառվող» արտիստներից մեկն է՝ ավելի քան 135 մլն ձայնասկավառակ, որոնք վաճառվել են ամբողջ աշխարհում: