«Հայկական լավագույն ուտեստները»․ Քլոե Քարդաշյանը լուսանկար է հրապարակել եղբոր ծննդյան ընթրիքից

Հանրահայտ Քարդաշյան ընտանիքի միակ տղա զավակը՝ Ռոբերտ Քարդաշյան կրտսերը, նշել է ծննդյան 34–րդ տարեդարձը, ինչի առթիվ Jenner Communications-ը հետաքրքիր լուսանկար է պատրաստել, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։ Լուսանկարը հրապարակել է Ռոբերտ Քարդաշյանն ու շնորհավորել ինքն իր տարեդարձը։

Քարդաշյանը, որը սոցիալական հարթակների իր էջերն օգտագործում է զուտ բիզնես նպատակներով և տեղադրում է միայն դստեր՝ Դրիմի լուսանկարները, հրապարակել է Jenner Communications-ի պատրաստած կոլաժը, որում նա քրոջ՝ Քիմ Քարդաշյանի կերպարում է:

Ռոբերտ Քարդաշյանի բոլոր քույրերը՝ բացառությամբ Քայլի Ջեների, հրապարակայնորեն շնորհավորել են նրան՝ 34-ամյակի առթիվ։ Քլոե Քարդաշյանը հրապարակել է լուսանկար, որում «Ծնունդդ շնորհավոր, Ռոբ» գրությամբ փուչիկներ են՝ Սուրբ Փաթրիք տոնի թեմայով, ինչպես նաև հատապտուղներով տորթի լուսանկար, որը պատրաստվել է Լոս Անջելոսի հայտնի Sweet Lady Jane հրուշակագործի կողմից։ Քիմ Քարդաշյանն իր հերթին հրապարակել է լուսանկար՝ բեյսբոլի գնդակի տեսքով տորթի, որով ցույց է տվել Ռոբերտի սերը The Dodgers խմբի նկատմամբ։

Ինչ վերաբերում է շնորհավորանքներին, Քրիս Ջենները, հրապարակելով որդու հին լուսանկարներից մեկը, գրել է․ «Իմ ուրախ տղայի ծնունդը շնորհավոր. նա մեր կյանքի լույսն է։ Դու միշտ ստիպում ես ժպտալ և աջակցում ես մեզ։ Ես օրհնված եմ քո մայրը լինելու համար։ Հպարտ եմ նրանով, թե ինչպիսի տղամարդ ես դարձել և թե ինչպիսի հայր ես ․․․ Դու իսկապես հրաշալի հայր ես Դրիմի համար։ Դու իմ սրտում մեծ տեղ ունես և ես սիրում եմ քեզ»։

Քլոե Քարդաշյանը, որն ամենամոտն է Ռոբերտի հետ, իր ինստագրամյան էջում հրապարակել է իրենց մանկության լուսանկարը և շնորհավորել եղբոր տարեդարձը՝ գրելով, որ Ռոբերտը նրա լավագույն ընկերն է եղել իր ծնված օրվանից և նշել, որ նրանք լավագույն ընկերներ կլինեն մինչև վերջ։

SKIMS-ի հիմնադիր Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում նույնպես շնորհավորել է եղբորը և նշել իրենց դուստրերի մտերմությունը ջերմացնում է իր սիրտը։ Հեռուստաաստղը նշել է, որ շատ է սիրում եղբորը և հավելել, որ միշտ պատրաստ է աջակցել նրան։ Եզրափակելով իր շնորհավորանքը՝ Քիմը գրել է․ «Սիրում եմ քեզ, Ռոբերտ Քարդաշյան»։

Քարդաշյանների ավագ քույրը նույնպես շնորհավորել է եղբոր ծննդյան տարեդարձը՝ հրապարակելով համատեղ լուսանկար։ Քորթնին գրել է, որ Ռոբը ստիպում է նրանց ծիծաղել այնքան մինչև լաց լինեն և նշել, որ օրհնված է նրան եղբայր կոչելու համար։ Քենդալ Ջենները նույնպես շնորհավորել է եղբորը:

Ընտանիքի անդամները հրապարակել են նաև երեկոյան ընտանեկան ընթրիքի, իրենց հագուկապի և սեղանի լուսանկարները և նշել, որ ընթրիքը հայկական Carousel Restaurant-ից է։ Ինչպես գրել է Քլոե Քարդաշյանը՝ «Լավագույն հայկական ուտեստներ»։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քարդաշյանը Քարդաշյան ընտանիքի կրտսեր և 5-րդ զավակն է։ Նա Ռոբերտ Քարդաշյան ավագի և Քրիս Ջենների միակ որդին է։ Զույգն ամուսնացած է եղել 1994-ից 2003 թվականներին։