Քեթի Փերին և Օրլանդո Բլումը գաղտնի ամուսնացել են

Արևմտյան լրատվամիջոցները գրում են 36-ամյա Քեթի Փերիի և 44-ամյա Օրլանդո Բլումի գաղտնի ամուսնության մասին։ Լուրերը տարածվել են, երբ Հավայան կղզիներում հանգստի ընթացքում լրագրողների կողմից արված լուսանկարներում երգչուհու մատնեմատին զարդ են նկատել, որը հարսանեկան մատանի է հիշեցնում։ Աստղային զույգն առայժմ ոչ հաստատել, ոչ հերքել է այդ նորությունը։

Քեթի Փերին և Օրլանդո Բլումն արդեն մի քանի շաբաթ է՝ հանգստանում են Հավայան կղզիներում։ Նրանց հետ մեկնել են նաև վեց ամսական դուստրը՝ Դեյզին և դերասանի 10-ամյա որդին՝ Ֆլինը, որը լույս աշխարհ է եկել Միրանդա Քերի հետ ամուսնության ընթացքում։ Նրանք ժամանակի մեծ մասն անցկացնում են լողափին, ինչպես նաև զբաղվում են յոգայով ու ռեստորաններ այցելում։

Քեթին և Օրլանդոն միասին են արդեն մոտ չորս տարի։ Նրանց սիրավեպի մասին առաջին անգամ խոսել են 2016թ․-ին, 2017թ․-ին նրանք կարճ ժամանակով բաժանվել են, սակայն հաջորդ տարվա սկզբին վերամիավորվել են։ 2019թ․-ի փետրվարին դերասանը սիրելիին առաջարկություն է արել։ Զույգը ծրագրում էր ամուսնանալ 2020թ․-ի ամռանը, սակայն կորոնավիրուսի համավարակի հետեւևանքով ստիպված է եղել անորոշ ժամկետով հետաձգել արարողությունը։ Քեթիի հղիության մասին հայտնի է դարձել կարանտինի ամենաթեժ պահերին՝ նախորդ տարվա մարտին, իսկ օգոստոսի վերջին երգչուհին լույս աշխարհ է բերել դստերը՝ Դեյզիին, որի ծնունդը կտրականապես փոխել է նրա կյանքը։