Մայիս Համբարձումյանը՝ «Ծաղիկներ ձյան տակ» ֆիլմում 18+ դերի և ընտանիքի արձագանքի մասին

Երիտասարդ դերասան Մայիս Համբարձումյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Արմենիա TV»-ի նոր՝ «Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալում, Showbiz.am կայքի հետ զրույցում պատմել է Ելենա Արշակյանի հետ իր համագործակցության, ֆիլմում իր բացասական դերի և բաց տեսարանների մասին։ Մայիսն ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, ժամանակին խաղացել է Կամերային թատրոնում: Հեռուստադիտողի կողմից նա սիրվել է՝ ճանաչվելով «Վերջին ուսուցիչը» հեռուստասերիալից, որտեղ Մայիսը կատարում էր գլխավոր դերերից մեկը։

«Իմ առաջին փորձն ունեցել եմ «Առաջին ալիքում»՝ «Վերջին ուսուցիչը» հեռուստանովելում։ Այնտեղ խաղում էի գլխավոր հինգ տղաներից Տիգրանի կերպարը։ Այնուհետև, Հրաչ Քեշիշյանից եմ առաջարկ ստացել՝ նկարահանվել «Անատոլիական պատմություն» հեռուստասերիալի էպիզոդիկ դերերից մեկում․ լրագրողի դեր էր։ Հետո նկարահանվեցի Մհեր Մկրտչյանի գեղարվեստական ֆիլմում, որը նոր պետք է բարձրանա էկրաններին։ Մեկ տարի դադարից հետո արդեն այս նախագիծը եղավ»,– պատմում է Մայիսը։

Մինչ թատերական աշխարհ մուտք գործելը՝ ուսանողական տարիներին, Մայիսը նաև հասցրել է ձեռք բերել երկրորդ մասնագիտություն, որը նրան բավականին օգնեց կարանտինային սահմանափակումների ժամանակ, երբ արվեստի գործիչները կաթվածահար եղած մշակութային ոլորտի պատճառով հայտնվել էին դժվար իրադրության մեջ։

«Կարանտինային շրջանում ես աշխատում էի որպես մարքեթոլոգ՝ զբաղվում էի SMM-ով։ Այդ մասնագիտությունն ինքնուս ու սիրողական էր․ ուսանողական տարիներին, երբ մատուցող էի աշխատում, որպեսզի հասցնեմ ուսման վարձս, ճանապարհածախսս հոգալ, տնօրինության կողմից առաջարկ ստացա զբաղվել SMM-ով և երկու տարի զբաղվեցի դրանով»,- հիշում է Մայիսը։

Շատերը կարծում են, որ այսօր հեռուստաեթերում գրեթե անհնար է հայտնվել առանց միջնորդների կամ կապերի, սակայն դերասանը պատմում է, թե որքան պատահական է ստացվել իր մուտքը հեռուստաեթեր․« 2018 թվականին, երբ չորրորդ կուրսում էի, իմացա, որ Հանրային հեռուստաընկերությամբ քասթինգ է անցկացվում և ռեժիսորը Հայկ Կբեյանն է։ Ես Հայկի մասին շատ լավ բաներ էի լսել, որոշեցի գնալ։ Քասթինգին մոտ 140 ուսանող է մասնակցել Թատերական ինստիտուտից, ոչ ոք միջնորդ չի հանդիսացել։ Ես լուրջ չէի տրամադրվել, որովհետև մինչ այդ գնացել էի քասթինգների, չէին զանգահարել, ու այդ անգամը մտածեցի հերթական քասթինգն է՝ կստացվի՝ լավ է, եթե ոչ՝ ոչինչ։ Հետո զանգեցին ինձ շատ վաղ առավոտյան, քնաթաթախ համաձայնվեցի համագործակցել, երբ արթնացա, նոր հասկացա, որ անցել եմ քասթինգը»։

Այս անգամ նույնպես հաջողությունը դերասանին ժպտաց նման պատահական կերպով։ «Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալի համար քասթինգի մասին նա իմացել է սոցիալական կայքերի միջոցով։

«Նախագծի մասին իմացել եմ Ելենա Արշակյանի ինստագրամյան սթորիներից։ Քասթինգին մասնակցելուց հետո Ելենան առաջարկեց ինձ փորձել ավելի բարդ տեսարանում, որից հետո շատ հավանեց։ Անցավ մեկ շաբաթ և գիշերը՝ 1։30-ին, զանգահարեցին ու ասացին, որ առավոտյան գնամ հեռուստաընկերություն։ Երբ ինձ Ելենան տեսավ հաջորդ օրն ասաց․«Ինչո՞ւ ես պետք է գիշերը՝ 1։30, հիշեմ քեզ»։ Ու այդպես ասաց, որ ինձ են տեսնում Ալբերտի դերում»,- հիշում է նա ու հավելում, որ բացասական դերի առաջարկն ընդունել է մեծ սիրով,-« Ես համաձայնվեցի, որովհետև բացասական դերերը շարժման մեխանիզմն են թե՛ նախագծերի, թե՛ ընդհանրապես պիեսների, որովհետև իրենք են հիմնականում բոլոր որդերը գցում պատմության մեջ։ Դեռ ինձ հաջողվում է այդ դերը հաղթահարել, որովհետև իմ կերպարն ու ես լրիվ հակառակ մարդիկ ենք»,– նշում է արտիստը։

Հեռուստասերիալում Մայիսի մուտքն ազդարարվում է անկողնային տեսարանով: Մայիսը պատմում է, թե ինչպիսի տարօրինակ հարցեր է լսում այդ տեսարանների վերաբերյալ իր ընկերներից, և ինչ ծիծաղելի մեկնաբանություններ են հնչում անծանոթներից իր դերի մասին․ «Նախօրոք ինձ հարցրին՝ ունե՞մ արդյոք ինչ-որ սկզբունքներ բաց տեսարանների հետ կապված, իսկ ես ասացի՝ ոչ, որովհետև իմ չորս տարվա սովորածը, ընտանիքիս անդամների քրտնաջան աշխատանքը, իմ ժամանակի կորուստը հաստատ ջուրը չեմ կարող գցել, ու դերասանը պետք է կատարի իր առջև դրված խնդիրը։ Այդ պահերը չեմ վերագրել ինձ, այլ հասկացել եմ, որ այդ ամենը կերպարինն է։ Մեկնաբանություններ շատ են եղել այդ առումով։ Բոլորը հիմնականում հարցնում են՝ այդ տեսարանի ձայներն իրական են, թե ոչ։ Ես էլ ասում եմ՝ ոչ, ամեն ինչ բնական է։ Տան անդամներին նախօրոք զգուշացրել էի, որ մուտքս եթեր այդպես է լինելու, պատրաստել էի իրենց։ Եղել է դեպք, որ զանգահարել են բարեկամներից ու ասել են՝ ախր մենք քեզ գիտենք փոքր տարիքից, իսկ հիմա դու այսպես եթեր մտար․․․ Իրենց համար, միանշանակ, անսովոր էր, բայց ես մտածում եմ, որ անկողին ասվածը ներքին խոհանոց է, պետք չէ լուսաբանել, բայց քանի որ իմ կերպարն այդպիսին է, ես ոչ թե ստիպված եմ արել, այլ մեծ սիրով, մեծ հաճույքով։ Ինձ թվում է, որ շատ լավ է ստացվել։ Դրսում էլ եմ շատ մեկնաբանություններ լսում։ Օրինակ ՝«էն խուժանն ա», «էն լկտին ա»։ Մանավանդ մեծահասակ տատիների և անչափահաս երեխաների կողմից են լինում»,- ժպիտով մտաբերում է Մայիսը։

Հիշելով իր մեջ ամենից շատ տպավորված տեսարանը՝ Մայիսը պատմում է, թե ինչպես որոշեց փոքրիկ փոփոխություն մտցնել սցենարում, ինչի հետևանքով կայծակնային ապտակ ստացավ իր խաղընկերոջ կողմից․ «Տեսարաններից մեկի ժամանակ, երբ շատ վատ տեքստով իմ հերոսը խոսում է Լիլիի հետ ու նրան անբարոյական է անվանում, ըստ սցենարի Լիլին պետք է ապտակեր ինձ, բայց ես պետք է նրա ձեռքը պահեի։ Ես չպահեցի, ասացի հանգիստ կարող ես ապտակել, որովհետև եթե մարդու արժանապատվությունը վիրավորում ես, ինքը կարող է նաև ապտակել։ Այդ ապտակից հետո հազիվ եմ զսպել ինձ, որովհետև աչքիցս արցունքը գնում էր, բայց հազիվ պահեցի ինձ, որ կադրում չերևա․ շատ կայծակնային ապտակ էր»։

 

Նկարահանումներն այդքան էլ հեշտ չեն, չէ՞ որ ընդամենը ամիսներ առաջ մենք հաղթահարեցինք ծանր պանդեմիան, ցավոտ պատերազմը։ Նկարահանման հրապարակում են նաև դերասաններ, ովքեր վերջերս են կորցրել իրենց զավակներին։ Նրանցից է Կարեն Մկրտչյանը, ում որդին զոհվել է պատերազմում, Ալլա Վարդանյանը, ում դուստրն ընտանիքի հետ մահացել է ողբերգական ավտովթարի հետևանքով.

«Տիկին Ալլայի հետ, ճիշտն ասած, տեսարանները դժվար են, որովհետև ինքն էլ է երեխա կորցրել, իսկ իմ կերպարը ծնողի հետ խոսելաձև չունի, ես այդ տեսարանից հետո ինձ մի քիչ վատ եմ զգում ու չեմ կարողանում տիկին Ալլայի դեմքին նայել։ Ճիշտն ասած, Մկրտչյան Կարենի հետ դեռ չունեմ տեարաններ, բայց նկարահանման հրապարկում հանդիպել ենք, և ես նրանով հիացած եմ, շատ ուժեղ մարդ է, և խորհրդանիշ է բոլոր ծնողների համար, ով ցույց է տալիս, որ կորցրել է զավակին, բայց պարտավոր է ապրել այն տարիները, որն իր զավակը չունի, և ապրել արժանապատվորեն»։

Խոսելով առհասարակ սերիալների և դրանց որակի մասին Մայիսն ասում է․ «Այս տարիների ընթացքում բոլորս շատ հետ ենք վարժվել, այսինքն՝ այն ամենը, ինչ ձեռք էինք բերել մինչև կարանտինն ու պատերազմը, քայլ առ քայլ առաջ էինք գնացել, հիմա նորից հետ գնացինք։ Բայց, օրինակ, մեր այս հեռուստասերիալում ինձ դուր է գալիս ամեն ինչ․ ճաշակին, ժամանակին համահունչ նախագիծ է»։

Դերասանը նաև նշում է, որ կցանկանա այս նախագծից հետո ինչ-որ սիթքոմի մասնակցել, իսկ եթե առաջարկ լինի կրկին նմանատիպ կերպար խաղալու՝ կմերժի, որովհետև չի ցանկանում, որ կերպարները կրկնվեն։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան