«Եթե դու կարդում ես այս գիրքը, դա այն պատճառով է, որ դու ևս կորցրել ես քո ծնողին»․ արքայազն Հարին՝ մոր մահվան մասին

Սասեքսի դուքս, արքայազն Հարին անդրադարձել է մայր կորցնելու ցավին՝ կորոնավիրուսային համավարակի հետևանքով մահացած առողջապահության ոլորտի աշխատակիցների երեխաների համար նախատեսված գրքի առաջաբանում, գրում է The Guardian-ը:
Արքայազն Հարրին, մասնավորապես, հիշել է 1997 թվականին իր մոր՝ Ուելսի արքայադուստր Դիանայի մահը, երբ ինքն ընդամենը 12 տարեկան էր: Նա շեշտել է՝ մոր անժամանակ մահն իր մեջ «հսկայական անդունդ է թողել», բայց, ի վերջո, այն լցվել է «սիրով և աջակցությամբ»:

«Հիվանդանոցը բլուրի կողքին» գիրքը, որի համար առաջաբան է գրել բրիտանական թագավորական ընտանիքի անդամը, պատմում է մի դեռահասի մասին, որի մայրը մահացել է կորոնավիրուսային համավարակի ընթացքում հիվանդանոցում աշխատելու ժամանակ: Գրքի հեղինակն է Քրիս Քոնաթոնը, այն նկարազարդել է Ֆեյ Տրոոտը: Գիրքը հաջորդ շաբաթ կայանալիք Անդրադարձի ազգային օրվա (National Reflection Day) ընթացքում կհանձնվի նման իրավիճակում հայտնված երեխաներին:

«Եթե դու կարդում ես այս գիրքը, դա այն պատճառով է, որ դու ևս կորցրել ես քո ծնողին կամ սիրելիին, ես կցանկանայի, որ քեզ հիմա գրկել կարողանայի, բայց ես հուսով եմ, որ այս պատմությունը կկարողանա քեզ մխիթարել, քանի որ դու մենակ չես: Երբ ես երիտասարդ տղա էի, ես կորցրի մայրիկս: Այն ժամանակ ես չէի ուզում դրան հավատալ կամ ընդունել, ու դա հսկայական անդունդ է թողել իմ մեջ: Ես գիտեմ, թե ինչպես ես զգում քեզ, և ուզում եմ քեզ վստահեցնել, որ ժամանակի ընթացքում այդ անդունդը կլցվի մեծ սիրով և աջակցությամբ»,- մանրամասնել է դուքսը:

Բացի այդ, Հարին գրել է․ «Մեր սիրելիները միշտ մեզ հետ են, և մենք կարող ենք հավերժ պահել նրանց մեր մեջ»:
Դու կարող ես քեզ միայնակ զգալ, կարող ես տխրել, կարող ես զայրանալ, կարող ես վատ զգալ: Այս զգացողությունները կանցնեն: Եվ ես քեզ խոստանում եմ դու քեզ ավելի ուժեղ կզգաս այն ժամանակ, երբ պատրաստ լինես խոսել այն մասին, թե ինչպես ես քեզ զգում», – մանրամասնել է արքայազնը: