Մասկը վերջապես անդրադարձել է Tesla-ի մեքենաները լրտեսության նպատակով օգտագործելու մասին լուրերին

Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկը հերքել է տեղեկություններն այն մասին, թե ընկերության էլեկտրական մեքենաները կարող են Չինաստանում կամ որևէ այլ երկրում օգտագործվել լրտեսության նպատակով:
Խոսելով Չինաստանի զարգացման համաժողովի շրջանակում՝ Մասկն անդրադարձել է այն տեղեկություններին, համաձայն որի չինական իշխանություններն ազգային անվտանգության հնարավոր սպառնալիքների պատճառով սահմանափակելու են Tesla ընկերության էլեկտրական մեքենաների օգտագործումը զինվորականների կողմից:

«Մենք հզոր խթան ունենք՝ ապահովել ցանկացած տեղեկության կոնֆիդենցիալությունը: Եթե Tesla-ն մեքենաներն օգտագործեր Չինաստանում կամ որևէ այլ տեղ լրտեսության նպատակով, մենք կփակվեինք»,- ասել է նա:
Մասկը հավելել է նաև, որ աշխարհի երկու խոշորագույն տնտեսություն ունեցող երկրները՝ ԱՄՆ-ն և Չինաստանը պետք է ավելի շատ միմյանց վստահեն: