Ջոնի Դեփի առանձնատնից անօթևան է բերման ենթարկվել (լուսանկար)

ԱՄՆ-ում ոստիկանությունը հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփի առանձնատնից բերման է ենթարկել անօթևանի:

Այս մասին գրում է TMZ-ն՝ ոստիկանության սեփական աղբյուրին հղումով:

Լրատվամիջոցի խոսքով՝ դերասանի առանձնատունը դարձել է անօթևանների «սիրելի վայրը»: Դերասանի բացակայության ընթացքում նրանք հաճախ են ներթափանցում տան տարածք և նույնիսկ լողում լողավազանում: Արտիստի հարևաններն ամեն անգամ ստիպված են լինում ոստիկանություն կանչել, քանի որ «Դեփի տնից հետո նրանք սովորաբար նաև իրենց են այցելում»:

Այս անգամ Դեփի հարևաններից մեկն իր լողավազանի մոտ է նկատել անօթևանին: Սեփականատիրոջից վախեցած՝ նա ցանկապատի վրայով բարձրացել է դերասանի առանձնատուն:

Երբ տեղի ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր, պարզվել է՝ ներխուժողն արդեն մասամբ «դատարկել» է Դեփի բարը, որից հետո գնացել է ցնցուղ ընդունելու:

Անօթևանը դիմադրություն է ցույց տվել ոստիկաններին. իրավապահները ստիպված են եղել կոտրել դուռը:

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել վանդալիզմի և հայտնի մարդու ունեցվածքին վնաս պատճառելու համար: