«Ես հիմա եմ արդեն հուզվում, բա ի՞նչ կլինի նկարահանումների ժամանակ»․ Արամեի նոր տեսահոլովակի մանրամասներն ու լուսանկարները

Ապրիլի սկզբին երգիչ Արամեն հանդիսատեսին կներկայացնի «Իմ սիրուն աղջիկ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը։ ShowBiz.am-ը զրուցել է երգչի պրոդյուսեր Սյոմա Կոդաբաշյանի հետ, ով մանրամասներ ներկայացրեց տեսահոլովակի նկարահանումներից, դրա հետաքրքիր սյուժեից, ինչպես նաև տրամադրեց լուսանկարներ՝ արված նկարահանման հրապարակում։

Երաժշտության հեղինակը Օֆելյա Մկրտչյանն է, խոսքերի հեղինակը՝ Դիանա Մարդանյանը։ Գործիքավորումն արել է Արսեն Բարսամյանը, իսկ որպես ռեժիսոր հանդես է եկել հենց Սյոմա Կոդաբաշյանը։ Երգի նախնական «Իմ անուշ աղջիկ» վերնագիրը փոխարինվել է «Իմ սիրուն աղջիկ» տարբերակով։

«Տեսահոլովակն ունի  սյուժետային գիծ․ այն հիմնականում պտտվում է հոր և նրա դստեր հարսանեկան պարի շուրջ։ Ու հենց պարի ընթացքում հայրը, նայելով աղջկան և տեսնելով նրան հարսանեկան զգեստով, հիշում է դստեր ամբողջ մանկությունը»,- պատմում է երգչի պրոդյուսերը։

Տեսահոլովակում նկարահանվել է երեք սերունդ․ երեք ամսական աղջիկ, հինգ տարեկան երեխա և թինեյջերական՝ 15-16 տարեկան աղջիկ։ Գլխավոր հերոսուհու դերում ներկայացել է Թամարա Զուռնաչյանը։ «Մեր գլխավոր հերոսուհին դերասանության հետ ոչ մի կապ չունի, սակայն դա չխանգարեց, որ նա նկարահանման հրապարակում ոչ թե խաղա, այլ ապրի այդ ամբողջ պատմությունը։ Նա կանգնած լինելով Արամեի դիմաց՝ տեսնում էր իր հորը, ինչի պատճառով էլ ավելի էր հուզվում, և մենք դրա շնորհիվ ստացանք էլ ավելին, քան սպասում էինք»,- կիսվում է տեսահոլովակի ռեժիսորը։

Թամարայի գլխավոր հերոսուհու դերում հանդես գալու պատմությունը ևս շատ հետաքրքրական է․ «Նախ նշեմ, որ ես ի սկզբանե վիզուալ կրիտերիաներ ունեի՝ կապված գլխավոր հերոսուհու հետ։ Ինձ համար շատ կարևոր էր համապատասխան դերասանուհուն գտնելը, այժմ ֆեյսային քասթինգները շատ ավելի են բարձրացել ռեժիսորների համար, քան մինչ այդ էր։ Բոլոր միանման դեմքով, սանրվածքով, մեյքափով մարդիկ հետաքրքիր չեն, այսինքն՝ այն, ինչը ես փնտրում էի, տեսա Թամարայի մեջ»։

Նկարահանումների ժամանակ բարդություններ չեն եղել, անգամ հաջողվել է նախատեսած ժամանակից շուտ դրանք ավարտել․ «Մենք նույնիսկ մասսայական տեսարան ունեինք, որին մասնակցում էր գրեթե 50 հոգի և որից ես շատ էի վախենում․․․ մտահոգվում էի, որ գործընթացը շատ երկար կտևի, բայց իրականում ամեն բան շատ կարճ տևեց։ 50 հոգին էլ մեկ մարդու նման աշխատեցին, խնդիրը միանգամից հասկացան և արեցին այն, ինչը նրանցից պահանջվում էր»։

Երգչի պրոդյուսերը տեսահոլովակի նկարահանումներից հետաքրքիր դեպքեր հիշեց և նշեց, որ իրենց համար չափազանց հետաքրքիր էր աշխատելը  5-ամյա աղջնակի հետ։ «4-6 տարեկան երեխանների հետ աշխատելն իրականում ամենաբարդն է, ավելի հեշտ է նորածնի հետ աշխատելը, քան իրենց։ Բայց այնպես էր ստացվել, որ մեզ պետք էր հենց 5 տարեկան աղջկա կերպար։ Դրա համար ես շատ զգույշ մոտեցա, քիչ-քիչ էի բացատրում, թե ինչ է իրենից պահանջվում, բայց նա ինձ այնպես նայեց ու հայացքով հասկացրեց, որ ինքը կարող է ամեն ինչ ճշգրիտ անել, որ ինձ մոտ ոչ մի կասկած անգամ չմնաց։ Նույնիսկ տեսարաններից մեկի նկարահանման ժամանակ, երբ մենք նշան տվեցինք, որ նկարահանումները սկսվում են, ինքը ձեռքով ամեն ինչ կանգնեցրեց և միայն մի քանի վայրկյան հետո պտտվեց և ասաց, որ կարող ենք սկսել։ Բոլորն այդ պահին ուղղակի շոկի մեջ էին»,- կիսվում է ռեժիսորը։

Այն հարցին, թե արդյո՞ք Արամեի համար դժվար էր ներկայանալ աղջկան ամուսնացնող հոր դերում, չէ որ ամեն դեպքում երգիչը ևս դուստր ունի, Կոդաբաշյանը պատասխանեց․ «Դեռ այս երգը ձայնագրելու ժամանակ, որը մոտավորապես մեկ տարի առաջ էր, Արամեն արդեն էմոցիոնալ ապրումների մեջ էր, քանի որ ունի դուստր և արդեն հասկանում էր, որ մի օր այդ երգն իր համար էլ է ակտուալ լինելու։ Նույնիսկ ձայնագրվելու ժամանակ նա ասում էր՝ ես հիմա եմ արդեն հուզվում, բա ի՞նչ կլինի նկարահանումների ժամանակ․․․»։

Այս ընթացքը բավականին հագեցած և իրադարձություններով լեցուն է եղել Արամեի և նրա թիմի համար․ «Այս շրջանում պատրաստվում էինք Արամեի մարտիության համերգին, զուգահեռ աշխատում էինք այս տեսահոլովակի վրա, հիմա էլ ես որպես ռեժիսոր շարունակում եմ աշխատել մոնտանժային աշխատանքների վրա։ Միևնույն ժամանակ նաև նախապատրաստական աշխատանքներ ենք տանում նոր տեսահոլովակի համար, որի նկարահանման աշխատանքները պետք է արդեն մեկնարկեն, քանի որ մեզ այս եղանակային պայմաններն են պետք։ Մեր հանդիսատեսին շատ մեծ անակնկալներ են սպասվում»։

Նյութը՝ Լուս Ավագյանի