Մազերի խնամքի հինգ տարածված սխալ, որոնք խոչընդոտում են մազերի աճին ու դառնում մազաթափության պատճառ

Առողջ, փայլուն ու փարթամ վարսեր ունենալու մասին բոլորն են երազում, սակայն առօրյայում մարդիկ բախվում են մազերի որակի ու առողջության վրա խիստ բացասաբար անդրադարձող բազմաթիվ գործոնների, որոնց ոչ բոլորն են պատշաճ ուշադրություն դարձնում։ Այս ամենի հետ մեկտեղ մարդիկ հաճախ մազերի խնամքի բավական լուրջ սխալներ են թույլ տալիս, ինչն էլ ավելի է վատթարացնում վարսերի վիճակը՝ հանգեցնելով մազաթափության ու խիստ բացասաբար անդրադառնալով մազերի աճի վրա։

Նման խնդիրներից խուսափելու համար Times Now պարբերականը ներկայացրել է այդ սխալներից ամենատարածվածները։

Մազերը հաճախակի լվանալու սովորություն

Մազերին թարմ տեսք հաղորդելու համար շատերը լվանում են գլուխն ամեն օր կամ անգամ օրական երկու անգամ, սակայն մասնագետները հորդորում են խուսափել այս սովորությունից, քանի որ այն կործանարար ազդեցություն է ունենում մազերի վրա։ Բանն այն է, որ չափազանց հաճախ լվանալը բացասաբար է անդրադառնում գլխամաշկի վրա՝ զրկելով մազերն ու գլխամաշկը բնական յուղերից։ Այս ամենի հետևանքով մազերը կորցնում են բնական առողջ փայլն ու դառնում են շատ ավելի փխրուն։

Բարձր ջերմաստիճանների ազդեցություն

Մազերի արդուկների կամ վարսահարդարիչների գործածությունը կարող է դառնալ մազերի կառուցվածքային վնասվածքների պատճառ ու հանգեցնել մազերի ծայրերի ճյուղավորման, ինչն էլ դադարեցնում է մազերի աճը։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է հնարավորինս հազվադեպ կիրառել հարդարման նման ագրեսիվ միջոցներ՝ նախապատվությունը տալով վարսերը չվնասող հարդարման միջոցներին։

Խոնավ մազերը սանրելու սովորություն

Տարածված սխալների շարքին է դասվում նաև խոնավ մազերը սանրելու սովորությունը։ Մասնագետների խոսքով՝ լվանալուց անմիջապես հետո մազերը շատ խոցելի են լինում, ուստի խոնավ ժամանակ ոչ մի դեպքում խորհուրդ չի տրվում դրանք սանրել։ Մազերի վնասվածքներից խուսափելու համար հարկավոր է սպասել մինչ դրանք կչորանան, որից հետո միայն սանրել կամ հարդարել։

Մազերի կոնդիցիոների սխալ գործածություն

Մազերի կոնդիցոները բավական կարևոր նշանակություն ունեցող խնամքի միջոց է, որը, սակայն, նախատեսված է միայն վարսերի ծայրերին քսելու, իսկ այնուհետև լավ լվանալու համար։ Այնուամենայնիվ հաճախ մարդիկ խնամքի այս միջոցը տարածում են մազերի ամբողջ երկայնքով՝ քսելով նաև գլխամաշկին, ինչը բացասաբար է անդրադառնում մազերի ընդհանուր տեսքի ու որակի վրա։ Բացի այդ, ոմանք առհասարակ չեն օգտագործում մազերի կոնդիցիոներ, ինչը ևս շատ սխալ մոտեցում է։

Մազերը սրբիչով չորացնելու սովորություն

Մազերը սրբիչով չորացնելը շատ վնասակար սովորություն է, որը հաճախ է վնասում վարսերը։ Մասնագետները խորհուրդ են տալիս սրբիչը կիրառել միայն նուրբ շարժումներով մազերը հիմնական խոնավությունից ազատվելու համար, որից հետո թողնել վարսերը չորանան բնական ճանպարհով։ Հակառակ դեպքում այս սովորությունը կարող է բացասաբար անդրադառնալ մազերի վրա՝ դառնալով դրանց թուլացման ու մազաթափության պատճառ։