«Այն ուղղակի դաջվեց իմ հիշողության մեջ և միայն բացասական կողմերով»․ Զառա Միանասյան

Դերասանուհի, մոդել Զառա Մինասյանն այս շրջանում զբաղվածություն ունի ATV հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Աստղերի դպրոց» սիթքոմում։ Դերասանուհին նկարահանումներից զատ հասցնում է նաև ժամանակ տրամադրել իր մյուս աշխատանքին, մարզումներին, ինչպես նաև ազատ ժամանակ գտնել ընկերների և մտերիմների հետ հաճելի ժամանակ անցկացնելու համար։
ShowBiz.am-ի հետ զրույցում դերասանուհին խոսել է իր դերի, նկարահանումների, կանանց տոների, իր համար տղամարդու իդեալական կերպարի մասին, ինչպես նաև անդրադարձել  կազմվածքը և գեղեցկությունը պահպանելու գաղտնիքներին։

Անդրադառնալով «Աստղերի դպրոց» հումարային նախագծին, դրանում իր զբաղվածությանը և իրենց համագործակցությանը՝ դերասանուհին պատմում է․ «Ես դեռ նախորդ տարի հասցրել եմ աշխատել այդ նկարահանող խմբի հետ։ Այն ժամանակ նկարահանվում էի «Քեզ հետ, առանց քեզ» սերիալում։ Ու քանի որ իրար հետ աշխատել էինք, հենց իրենք էլ ինձ տեղեկացրին, որ նոր նախագիծ կա։ Այդպես գնացի, մասնակցեցի քասթինգին և ընտրվեցի այն դերում, որում արդեն ինձ տեսնում է հեռուստադիտողը»։

Նախագծում դերասանուհին ներկայանում է դպրոցի տնօրենի օգնականի կերպարում։
Ըստ Զառայի՝  նկարահանումների ընթացքում բարդություններ կամ դժվարություններ գրեթե չեն եղել։ «Շատ հեշտ և ուրախ են անցել սիթքոմի նկարահանումները, և ես կարծում եմ, որ դա հենց նկարահանող անձնակազմի և դերասանների շնորհիվ է, բոլորս էլ փորձում էինք անմիջական և հաճելի մթնոլորտ ստեղծել նկարահանման հրապարակում, քանի որ այդպիսով հեշտանում էր նաև մեր աշխատանքը»,- հավելում է Զառա Մինասյանը։

Խոսելով նախորդ տարվա բարդ և փորձություններով լի ընթացքի մասին՝ դերասանուհին խոստովանում է, որ 2020-ը իր կյանքի ամենավատ տարին է եղել․ «Այն ուղղակի դաջվեց իմ հիշողության մեջ և միայն բացասական կողմերով․․․ Սակայն ես կարծում եմ, որ ինչքան էլ ցավալի օրեր ունեցած լինենք նախորդ տարում, դրանք չպետք է խանգարեն մեզ, որ կարողանանք ուժ գտնել մեր մեջ և շարունակենք ապրել ու միայն բարձր գլխով առաջ շարժվել»։

Զառան դերասանությունից զատ այլ զբաղվածություն ևս ունի, որը հենց իր առաջին մասնագիտությունն է և որին դերասանուհին պարբերաբար վերադառնում է․ «Քանի որ ավարտել եմ  Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը, հնարավորություն ունեմ աշխատելու նաև թարգմանչի մասնագիտությամբ։ Այնպես որ՝ թե՛ իմ կարանտինային շրջանը, թե՛ դրան հաջորդող ընթացքն անցել է լրիվ աշխատանքային մթնոլորտում»։

Խոսելով կանանց տոնական միամսյակի մասին՝ Զառան նշում է, որ ինչպես ցանկացած կին, ինքը նույնպես սիրում և սպասում է մարտիության տոներին։ Սակայն միևնույն ժամանակ հավելում, որ կնոջը ուշադրության կենտրոնում պահելու համար հատուկ օրեր և առիթներ հարկավոր չեն։ «Կնոջը պետք է հաճախակի ծաղիկներով, կոնֆետներով և ուշադրությամբ ուրախացնել»,- նշում է դերասանուհին, ապա հավելում, թե ինչն է սիրում և գնահատում տղամարդու մեջ․ «Ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի տղամարդու անկեղծությունը, քանի որ ես տանել չեմ կարողանում սուտն ու կեղծիքը։ Ինձ մոտ շատ լավ է ստացվում զգալ և բացահայտել սուտը, իսկ ես երբեք չեմ կարողանում այն մոռանալ և ներել։ Հավելեմ նաև, որ իմ տղամարդը պետք է շատ հոգատար և ուշադիր լինի»։

Գեղեցիկ ու խնամված տեսք ունենալու համար պարտադիր չէ մշտապես դիմել գեղեցկության սրահների օգնությանը, մանավանդ որ, ըստ Զառայի, ցանկացած կին էլ ունի խնամքի իր գաղտնիքները․ «Նշեմ, որ ես սովորել եմ կոսմետոլոգիա։ Ունեմ նաև մտերիմներ, ովքեր մասնագիտացած են գեղեցկության և խնամքի ոլորտում, և ամեն հարցում օգնում ու ճիշտ խորհուրդներ են տալիս ինձ։ Տան պայմաններում էլ դիմակների, տարբեր քսուքների միջոցով կարելի է մշտապես թարմ ու խնամված տեսք ունենալ»։

Իսկ վերջում անդրադառնալով իր կազմվածքին և այն միջոցներին, որոնք օգնում են դրա պահպանման հարցում՝ Զառան պատմում է․ «Ես քաշի հետ կապված երբևէ խնդիրներ չեմ ունեցել։ Ճիշտ է՝ անցած ամառվա ընթացքում ես նիհարել էի 10 կիլոգրամով, ինչը անհետևանք չէր մնացել․ դրանից հետո բավականին վատացել էր ինքնազգացողությունս։ Բայց հետո սկսեցի նորմալ սնվել և կարգավորել քաշս։ Իսկ հիմա, քանի որ գրաֆիկս կրկին անկայուն է, չեմ հասցնում մարզասրահ հաճախել, բայց չորս տարի պարբերաբար այցելել եմ և հետևել կազմվածքիս։ Կարծում եմ՝ շուտով կրկին կվերադառնամ իմ կայուն պարապմունքներին։ Իսկ հատուկ դիետաների երբեք չեմ հետևել։ Ընդամենը աշխատում եմ ճիշտ և չափավոր սնվել»։

Նյութը՝ Լուս Ավագյանի