Հռոմի Ֆրանցիսկոս պապին նվիրված նոր ֆիլմը կպատմի նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նրա ջանքերի մասին

Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասին պատմող «Ֆրանչեսկո» ֆիլմը մարտի 28-ց հասանելի կլինի DiscoveryPlus ծառայության միջոցով: Ֆիլմի ռեժիսորը 2016 թվականին փաստավավերագրական ֆիլմերի անվանակարգում Օսկարի նոմինացված Եվգենիյ Աֆինեևսկին է: Ֆիլմի պրոդյուսերն ամերիկահայ անվանի բժիշկ, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական կենտրոնի համաղեկավար, պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանն է:

Էսրաիլյանը ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է, որ իր համար մեծ պատիվ է հեռուստադիտողների դատին ներկայացնելու ֆիլմը: Նա պատմել է, որ ֆիլմում ներկայացված է Հռոմի պապը, ով առնչվում է այսօր ողջ աշխարհում ամենամեծ մարտահրավերների հետ:

«Ես անձամբ շատ երախտապարտ եմ նրան Հայոց ցեղասպանության հարցում զանգվածային իրազեկում ապահովելու գործում ունեցած աներեր առաջնորդության համար՝ ի հեճուկս լռելուն ուղղված աշխարհաքաղաքական ճնշման»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Էսրաիլյանը: