Բենքսիի կտավը վաճառվել է ռեկորդային գնով

Բենքսի կեղծանունով փողոցային նկարիչի՝ սուպերհերոսի կերպարով բուժքույրի կտավը վաճառվել է ռեկորդային 23,2 միլիոն դոլարով։
Աճուրդի տան հաղորդագրության մեջ նշվում է, որ վաճառքի գումարը փոխանցվելու է Մեծ Բրիտանիայում առողջապահական կազմակերպություններին և բարեգործական ընկերություններին։

Մատիտով արված սևուսպիտակ նկարի վրա պատկերված է երեխա, որը ձեռքում բռնել է սուպերհերոսի կերպարով բուժքույրի տիկնիկը: Երեխայի կողքին դրված զամբյուղում Սարդ-մարդու և Բեթմենի տիկնիկներն են:

Բենքսին նկարն ի սկզբանե նվիրել էր Սաութհեմփթոնի հիվանդանոցի բուժանձնակազմին:
Christie’s աճուրդի տունը հայտնել է, որ Բենքսիի կտավի վերարտադրությունը կմնա հիվանդանոցում՝ հիվանդների, այցելուների և անձնակազմի համար:
Բենքսի կեղծանունով նկարչին, որի աշխատանքները շատ մեծ ճանաչում են վայելում, մինչև այսօր հաջողվում է պահպանել անձի գաղտնիությունը: