Ջեսիկա Ալբան այլևս չի նկարահանվի ֆիլմերում

Հոլիվուդյան դերասանուհի Ջեսիկա Ալբան բացատրել է, թե ինչու է իր կարիերայի գագաթնակետին դադարել ակտիվորեն նկարահանվել կինոյում: 39-ամյա դերասանուհին մարտի 24-ին Romper հրատարակությանը տված հարցազրույցում ասել է, որ առողջական խնդիրների պատճառով որոշել է կենտրոնանալ ընտանիքի ու բիզնեսի վրա:

«Ես ցանկանում եմ ապրել և շատ ժամանակ անցկացնել երեխաներիս հետ: Իմ առողջությունը նշանակություն ունի: Որովհետև իրոք դժվար է երջանիկ լինել, եթե առողջություն չունես»,-ասել է Ալբան:

Ինչպես բացատրել է դերասանուհին` առողջական խնդիրները սկսվել են մանկությունից, մինչև 11 տարեկանը դերասանուհին 5 վիրահատության է ենթարկվել: Այնուամենայնիվ, նա լրջորեն սկսել է մտածել իր առողջության արժեքի մասին 2008 թվականից` առաջնեկի լույս աշխարհ գալուց հետո:

«Մայրս քաղցկեղ ուներ շատ երիտասարդ տարիքում, երբ մոտ 20 տարեկան էր: Ես մեծացել եմ խրոնիկ հիվանդությամբ: Մինչեւ 11 տարեկանը 5 վիրահատություն էի տարել: Ես խրոնիկ ալերգիա ունեի և մանկուց հաճախ էի հոսպիտալացվում »,-կիսվել է նա:

Ալբան նշել է, որ երբ հեռացել է կինոյից, նա «իր կարիերայի գագաթնակետին էր»:

«Դա իրոք այն էր, ինչը ինձ մոտիվացնում էր: Անկեղծ ասած ես կարիերայիս գագաթնակետին էի: Ես չէի կարող վերադառնալ նրան, ինչ անում էի նախկինում և միաժամանակ անկեղծ լինել»,-ասել է նա:

Դերասանուհին հավելել է, որ ծննդաբերելուց հետո հասկացել է, որ կարող է «ավելին» անել: Եվ իր դերասանական կարիերայի վրա կենտրոնանալու փոխարեն, նա 2012-ին ստեղծել է իր սեփական բիզնեսը՝ «The Honest Company»-ն: Ապրանքանիշը մասնագիտանում է էկոլոգիապես մաքուր,  առանց քիմիական նյութերի մանկական ապրանքների արտադրության մեջ: