Հայտնի են «Արտավազդ» մրցանակաբաշխության հաղթողների անունները․ միջոցառման մանրամասներն ու լուսանկարները

Ասում են՝ երբ երկու հոգի խոսում են, իսկ երրորդը՝ լսում, ապա դա արդեն իսկ թատրոն է։ Երեկ՝ թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը։

Հոբելյանական 20-րդ «Արտավազդը» նվիրված էր բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, մրցանակաբաշխության հիմնադիր Երվանդ Ղազանչյանի հիշատակին: ShowBiz.am-ը ևս ներկա է եղել միջոցառմանը, ֆիքսել մրցանակաբաշխության հետաքրքիր մանրամասներն ու լուսանկարները։

Սկսած 1961 թվականից աշխարհի ավելի քան 90 երկրում ամեն տարի մարտի 27-ին նշում են Թատրոնի միջազգային օրը։ «Արտավազդ մրցանակաբաշխության առաջին մրցանակակիրներն էին Գոհար Գասպարյանը, Սոս Սարգսյանը, Տիգրան Լևոնյանը, Վարդուհի Վարդերեսյանը, Վահե Շահվերդյանը, Արթուր Ութմազյանը, Ժիրայր Դադասյանը։

Միջոցառման սկզբում ելույթ ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանը։ «Թույլ տվեք ի սրտե շնորհավորել Ձեզ՝ Ձեր տոնի կապակցությամբ, կասկած չունեմ, որ մենք ուժ կգտնենք մեր մեջ հաղթահարելու ծանր ու դժվարին ճանապարհը և կկարողանաք լիարժեք վերադառնալ մեր գործին։ Այս տարի մրցանակաբաշխությունը կանցկացվի առանձնակի շքեղությամբ։ Այո, այս տոնական մթնոլորտում մենք պատրաստվում էինք ձեզ դիմավորել ուղիղ մեկ տարի առաջ, սակայն համաճարակը բոլորիս ծրագրերը խախտեց և այսօր մենք ամփոփելու ենք վերջին երկու տարվա թատերաշրջանների աշխատանքները»,- հայտարարեց Հակոբ Ղազանչյանը։

Մինչ թատերական աշխարհի լավագույնների անունները հնչեցնելը, ներկաները ոտնկայս հիշեցին և հարգեցին 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը, ինչպես նաև էկրանին հայտնվեցին բեմի այն ներկայացուցիչների լուսանկարները, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի պաշտպանության:

Թատրոնի միջազգային օրվա մասին խոսելով՝ Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը, ով նաև մրցանակաբաշխության փորձագետների կազմում էր, ասաց, որ մարտից, երբ սկսել են թատերաշրջանը, նկատել են հանդիսատեսի հսկայական հոսքը դեպի թատրոններ: «Երկար ժամանակ չէի կարողանում հասկանալ, թե ինչն է պատճառը, բայց այնուամենայնիվ մի այսպիսի գաղափար ծագեց․ այն է, որ մարդիկ փորձում են իրականությունից փախչել պատրանքների աշխարհ: Այդ հոսքը ինձ հույս է ներշնչում, որ մենք դուրս կգանք ստեղծված իրավիճակից և լուսավոր, պայծառ հանգրվանի կհասնենք։ Համենայնդեպս, ես հավատում եմ դրան»,- նշեց Դադասյանը:

Մրցանակ հանձնելիս ելույթով հանդես եկավ նաև դերասան, թատերական ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը։ «Շնորհավորում եմ Թատրոնի միջազգային օրը։ Մարտի 27-ը մարդկության կողմից նախատեսված էր հենց նրա համար, որ թատրոնն ամբողջ աշխարհում սփռի խաղաղություն, ուստի այս տոնը խիստ կարևոր է մարդկության համար։ Եվ ես էլ կարծում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը նույնպես երազում է, որ ողջ աշխարում լինի խաղաղություն՝ հանուն նրա, որ մարդկութոյւնը շարունակի իր ստեղծագործ աշխատանքը, իր կյանքը հանուն վաղվա օրվա և մեր զավակների ու լուսավոր ապագայի։ Վստահաբար կարող եմ ասել՝ քանի գոյություն ունի թատրոնը և մեր ազգային մտածողությունը, քանի գոյություն ունեն այնպիսի մարդիկ, որոնք շարունակում են անգամ ամենադժվար պահին պահել իրենց ողնաշարն ուղիղ՝ հանուն վաղվա օրվա, ուրեմն մեր ազգին պարտություն չկա, և թող լինի հաղթանակ՝ սկսած հենց այս տոնից, որը այս դժվար օրերին, երևի թե, առաջինն է մեր հանրապետությունում»,- շեշտեց Էլբակյանը։

«Լավագույն մանկական ներկայացում» անվանակարգում մրցանակի արժանացավ Նարինե Մալյանի «Շրջված երազ»-ը (Հ. Մալյանի անվան թատրոն):

«Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում մրցանակը շնորհվեց  Հռիփսիմե Նահապետյանին՝ «Ռոմեո և Ջուլիետ»-ում Ջուլիետի կերպարը կերտելու համար (Ռուսական թատրոն) և Մարիկա Դովլաթբեկյանին՝ «Սև կատուն» ներկայացման մեջ Պոյի ալտեր էգոյի կերպարը մարմնավորելու համար:

«Լավագույն երիտասարդ դերասան» ճանաչվեցին Նարեկ Բաղդասարյանը՝ «Փափլիկը» ներկայացման մեջ Կորնյուդեին մարմնավորելու համար (Համազգային թատրոն) և Դավիթ Եղիազարյանը՝ «N 6»-ում Գրիմովի դերի համար (Աբովյանի դրամ. թատրոնն):

«Լավագույն երիտասարդ բեմադրիչ»ճանաչվեց Գոռ Մարգարյանը՝ «12» ներկայացմամբ («Անահիտ» թատերախումբ):

«Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում  հաղթեց Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի «Օնեգին»-ը, որը բեմադրել է Նորա Գրիգորյանը:

«Լավագույն պիես» անվանակարգում մրցանակի արժանացավ Սառա Նալբանդյանի «Հաղթանակի գենեզիս»-ը:

«Լավագույն սցենոգրաֆիա» անվանակարգում հաղթեց Գարեգին Եվանգուլյանը՝ «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացման համար (Գ.Սունդուկյանի անվան թատրոն):

«Լավագույն երաժշտության հեղինակ» համարվեց Ջեմմա Մինասյանը՝ Մետրո թատրոնի բեմ բարձրացած «Սև կատուն» ներկայացման համար:

«Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի» ճանաչվեց Վանաձորի Հ.Աբելյանի անվ. դրամ. թատրոնից Հերիքնազ Բաղդասարյանը՝ «Վարազդատ»-ում Վարազդատի մոր դերի համար:

«Լավագույն երկրորդ պլանի դերասան» անվանակարգում հաղթեց Գ.Սունդուկյանի անվ. թատրոնից Անդրանիկ Զաքարյանը՝ «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացման մեջ Չեզվիքի դերի համար:

«Լավագույն դերասանուհի» ճանաչվեց Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոնից Տաթև Ղազարյանը՝ «Փափլիկը» ներկայացման մեջ Էլիզաբեթ Ռուսեի դերակատարման համար:

«Լավագույն դերասան» անվանակարգում մրցանակը շնորհվեց Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոնից Արման Նավասարդյանին՝ «Լոռեցի Սաքոն» ներկայացման մեջ հեղինակին և Սաքոյին մարմնավորելու համար:

«Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում մրցանակի արժանացավ Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոնից Նարինե Գրիգորյանը՝ «Լոռեցի Սաքոն», «Փափլիկը» ներկայացումների համար:

Մինչ կհայտարարվեր «Լավագույն ներկայացում» սպասված անվանակարգում հաղթած բեմադրության անունը, ելույթ ունեցավ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: «Չկա ավելի խորհրդավոր և հմայիչ ոլորտ, քան մարդու մասին արվեստն է։ Թատրոնը մարդու հոգևոր և հոգեկան աշխարհների հետազոտման, դրանց մութ ու թաքնված շերտերի բացահայտման գեղարվեստորեն ներկայացված իրականությունն է։ Մեծ է այսօր ձեր պատասխանատվության չափը, աննախադեպ է ձեր առաքելությունը, վստահ եմ, որ այս գիտակցությամբ եք շարունակելու ձեր գործը հետագայում, ինչպես արեց իր կյանքը թատրոնին նվիրած մեծավաստակ վարպետ Երվանդ Ղազանչյանը։ Ընդունեք մեր ջերմ շնորհավորանքը մասնագիտական տոնի առթիվ, ընդունեք անսպառ լավատեսության, կորովի, աննահանջ կամքի ու սեփական գործի հանդեպ աննվազ ներշնչանքի մեր մաղթանքները, և թող թատրոնը շարունակի մարդկային ու մարդասիրական արժեքների, խաղաղության ու մարդու հանդեպ հարգանքի հաստատման իր հաղթարշավը։ Շնորհավորում եմ բոլորիդ, շնորհակալություն»:

«Լավագույն ներկայացում» համարվեց Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոնում բեմադրված «Փափլիկը»,  որի ռեժիսորը Նարինե Գրիգորյանն է:

Մրցանակաբաշխությանը Երվանդ Ղազանչյանի անվան հատուկ մրցանակի արժանացավ արտիստի մտերիմ ընկեր Սերգեյ Առաքելյանը, որը գրքեր է հրատարակել Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի մասին:

«Թատրոնին անբասիր ծառայության  համար» «Արտավազդ» շնորհվեց ՀՀ ժողովրդական արտիստներ Իրինա Մարչենկոյին, Արա Երնջակյանին և ՀՀ վաստակավոր արտիստ Բորիս Պեպանյանին:

Ժյուրիի հատուկ մրցանակը հանձնվեց Ռուզաննա Խաչատրյանին՝ Ստեփանակարետի Վ.Փափազյանի անվան թատրոնում բեմադրած «Լուսաբացից առաջ» ներկայացման համար:

Հավելենք, որ մրցանակաբաշխության փորձագետների կազմում ընդգրկված էին ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, դրամատուրգ, «Գրական թերթ» և «Դրամատուրգիա» ամսագրերի գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը, Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը, Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն, բեմադրիչ Լյուդվիգ Հարությունյանը, ԵԹԿՊԻ-ի թատերական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Աննա Հեքեքյանը, Երևանի կամերային թատրոնի տնօրեն, բեմադրիչ Լուսինե Երնջակյանը, թատերական և կինոբեմադրիչ Արամ Շահբազյանը:

«Արտավազդ» մրցանակաբաշխությանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Հեղինակ՝ Լուս Ավագյան
Լուսանկարները՝ Էլեն Աբրահամյանի