«Սիրում եմ քեզ»․ Լեդի Գագան երկրպագուներին ցուցադրել է ծննդյան կապակցությամբ ընկերոջից ստացած ճոխ ծաղկեփունջը

Հայտնի երգչուհի և դերասանուհի Լեդի Գագան երեկ նշել է ծննդյան 35-ամյակը․ դերասանուհին, որն այս օրերին «Գուչիի տունը» ֆիլմի նկարահանումներին մասնակցելու համար գտնվում է Իտալիայում, երկրպագուներին ցուցադրել է ընկերոջից՝ Մայքլ Պոլանսկիից ստացած մեծ ծաղկեփունջը։

Գագան Ինստագրամում լուսանկար է տեղադրել, որտեղ գրկում է իր մեծ ծաղկեփունջը։

«Երբ ընկերդ ծննդյանդ օրվա կապակցությամբ քեզ Հռոմ ծաղիկներ է ուղարկում։ Սիրում եմ քեզ, անհամբերությամբ սպասում եմ՝ երբ եմ վերադառնալու քո ու մեր շների մոտ, դա իմ միակ ցանկությունն է»,-լուսանկարին կից գրել է երգչուհին։

Լեդի Գագան 37-ամյա Պոլանսկիի հետ հանդիպում է ավելի քան մեկ տարի։ Վերջերս նրանք միասին ներկա էին գտնվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը:

Նշենք, որ «Գուչիի տունը» ֆիլմում Գագան մարմնավորում է Պատրիցիա Ռեջիանիին՝ հայտնի ապրանքանիշի (Gucci) տնօրեն Մաուրիցիո Գուչիի նախկին կնոջը, որը 1995 թվականին դատապարտվել էր ամուսնու սպանությունը կազմակերպելու համար:

Ֆիլմի սցենարը հիմնված է Սառա Գեյ Ֆորդենի «Գուչիի տունը. սպանության, խելագարության, հմայքի և ագահության սենսացիոն պատմությունը» գրքի վրա և կթողարկվի նոյեմբերին:

Ֆիլմում կնկարահանվեն նաև Ալ Պաչինոն, Ջերեմի Այրոնսը և Ջարեդ Լետոն։