Էրոտիկա, բռնություն, սիմվոլիզմ․ կայացավ «HAPPY BDAY 2U» 18+ ֆիլմի պրեմիերան

Հովհաննես Ղազարյանն ու սցենարիստ Արման Գիզյանը մարտի 29-ին կինոսերների դատին ներկայացրին «HAPPY BDAY 2U» կարճամետրաժ ֆիլմը, որտեղ նկարահանվել են հայտնի դերասաններ Համլետ Ղազարյանը, Ժաննա Վելիցյանը, Լիլիթ Սալնազարյանը, Մերի Մովսեսյանը, Անդրանիկ Հակոբյանը և ուրիշներ։

 

Showbiz.am կայքի հետ զրույցում ռեժիսորը պատմում է, որ Ֆիլմն ընտանիքի անդամների հարաբերությունների մասին է։
«Յուրաքանչյուր մարդ ունի երկու՝ լուսավոր ու մութ կողմ։ Ու մենք հաճախ մեր ընտանիքի անդամների մեջ դրանք չենք տարբերում։ Ֆիլմում փորձել ենք ներկայացնել, թե ինչ կլինի, երբ մարդն իր ընտանիքի անդամին տեսնի մի վայրում, որտեղ չէր սպասում ընդհանրապես․․․»,-ասում է Հովհաննեսը։

Ռեժիսորը նաև նշում է, որ ֆիլմը ներկայացվել է փակ ցուցադրությամբ, որովհետև նախատեսված է փառատոնների համար։ Ֆիլմի առանձնահատկություններից խոսելով՝  Հովհաննեսն ասում է․ «Մեր երկրում մարդիկ հաճախ ստիպված անում են այն, ինչ պահանջում է հանդիսատեսը։ Շտամպ է ձևավորվել, որ ցանկանալով ինչ-որ բան անել՝ ռիսկի չեն դիմում՝ մտածելով, որ մարդիկ չեն դիտի։ Պետք է այնքան անել, որ հանդիսատեսի մոտ զարգանա նորը վերցնելու, նորը տեսնելու պահանջը։

Եթե դրսում մեկը ստանդարտից դուրս բան է անում, այն այստեղ միանգամից ընդունվում է, որովհետև մեր հանդիսատեսը բավականին բարձր ինտելեկտուալ մակարդակ ունի, բայց երբ այստեղ են անում, չգիտես ինչու՝ չի ընդունվում։ Քանի իմ կողքին կա թիմ, ու ես չեմ մտածում՝ գումար կաշխատեմ ստեղծագործական ֆիլմ անելուց, թե ոչ, ես անելու եմ նման ստանդարտից դուրս բաներ, իմ հոգու հանգստության համար»։         

Ռեժիսորը նաև նշում է, որ ֆիլմը բավականին դժվար ճանապարհ է անցել և պատասխանում է, թե ինչու որոշեց այն ներկայացնել հիմա․ «2020 թվականի հետևանքով բոլորիս կյանքը  մի տարով հետ ընկավ, եթե ոչ ավելի։ Ֆիլմը բավականին դժվար ճանապարհ է անցել։ Ես իմ մեջ զգացի, որ պահը եկել է, պետք է ռեստարտ լինել, դրա համար որոշեցի հիմա ներկայացնել ֆիլմը»։

Որպես ռեժիսոր, Հովհաննեսը շատ դժվարությունների միջով է անցել 2020-ին, որովհետև իր եկամտի հիմնական աղբյուրը տեսահոլովակներն են, նա մի շարք գաղափարներ ուներ, որոնք մնացին թղթի վրա։ Այս պահին ռեժիսորն աշխատում է «Դպրոց առանց ուսուցիչ» գեղարվեստական ֆիլմի վրա, որը դեռ արտադրողական փուլում է գտնվում։ Կարանտինի ընթացքում Հովհաննեսը ֆրիլանսինգի միջոցով համագործակցում էր արտասահմանյան կազմակեպությունների հետ և նշում է, որ դա շատ կարևոր ու հետաքրքիր փորձ էր իր համար։

Պատասխանելով այն հարցին, թե դժվար 2020-ից հետո ինչ է հարկավոր հանդիսատեսին՝ Հովհաննեսն ասում է․ «Երբ լինում է պատերազմ կամ ցանկացած աղետ, իմ կարծիքով ռեժիսորը պետք է անի այն, ինչ ցանկանում է։ Մարդ կա ցանկանում է ցավը ցույց տալ, մարդ կա հակառակը՝ ցանկանում է հանդիսատեսին առաջարկել ժպտալ։ Երկուսն էլ պետք է լինեն։

Ինքս ուզում եմ, որ իմ գործը մարդկանց շեղի այն ամենից, ինչը նրանց խանգարում է ապրել։ Արվեստը ստեղվծած է , որպեսզի կյանքն ավելի գեղեցիկ դարձնի ու օգնի մեզ ապրել»։ 

Ֆիլմի նկարահանումներն ացնել են բավականին հետաքրքիր ու լավ մթնոլորտում։

«Նկարահանման ընթացքում դերասաններից Համլետ Ղազարյանը, ով գլխավոր հերոսուհու եղբայրն է, գիշերային տեսարանի ժամանակ պետք է պարզապես քայլեր։ Այդ ժամանակ Համլետին հարցրի՝ ինչ ներքնազգեստ ես հագել, բոլորը մտածեցին կատակ եմ անում, սակայն Համլետին ստիպեցինք հանվել՝ այդ տեսարանը նկարահանելու համար»,- ժպիտով հիշում է ռեժիսորը։

Իր հերթին Համլետը, հիշելով զավեշտալի դեպքը, հավելում է․«Հովհաննեսի հետ աշխատելիս նման իրավիճակում հաճախ կարող է հայտնվել դերասանը, իրականում, շատ նորմալ պրոցես էր, երբ հենց տեղում միջանցիկ տեսարան նկարեց ռեժիսորը, որն էլ ավելի լավ կարող է բացահայտել կերպարը»,։

Համլետը նաև պատմում է, որ Հովհաննեսի հետ համագործակցում են դեռևս անհիշելի ժամանակներից․ նույն կուրսն են ավարտել, մտերիմ ընկերներ են, ու իրենց գրեթե բոլոր նախագծերում միասին են աշխատում։

«Իմ կերպարը ուզում է նախագահ դառնալ, իմիջայլոց անունն էլ Ռոբերտ է, (չքաղաքականացնել)։ Իսկ եթե ավելի լուրջ, հերոսս սին գաղափարների հետևից վազող կերպար է, գլխավոր հերոսուհու եղբայրն է։
Քանի որ ֆիլմում շատ է սիմվոլիզմը, չեմ կարող խոսել մի բանի մասին ինչին ամեն մարդ առանձին վերաբերմունք կարող է ունենալ»։

Դերասանուհիներից Լիլիթ Սալնազարյանը պատմում է, որ այս նախագծի իրագործմանը ցանկացավ միանալ, քանի որ այն հնարավորություն էր տալու յուրահատուկ մոտեցմամբ ներկայացնել այնպիսի խնդիրներ, որոնք կան հայ իրականության մեջ և իրենց գոյությամբ Լիլիթին ևս հուզում են։

«Անհատի բախումը ամբոխի հետ, ընտանեկան այնպիսի հարաբերություններ, որ կարող են կործանարար լինել երեխայի՝  հայ իրականության մեջ, մեծ մասամբ աղջիկների  կայացման, իրենց էությունը ճանաչելու ու  սեփական ուղին գտնելու դժվարին հարցերում։ Ինչու՞ չխոսել ընտանեկան թվացյալ և ճշմարիտ հոգատարության մասին,  չասել, որ ամենահարազատ մարդիկ իրենց արարքներով կարող են հասցնել քեզ  ընդհուպ մինչև անդունդը»,- պատմում է Լիլիթը։

Իր հերոսի մասին խոսելով՝ Լիլիթն ասում է․ «Ֆիլմում  մարմնավորած կերպարս մարդ է, ով դեռ չի գտել իր ճշմարիտ ուղին, սակայն որոնում է այն, ներքուստ զգալով, որ ինքն ավելին է, քան գիտի իր մասին։ Այս աղջկա մեջ թաքնված հզոր ուժ կա․ նա չի ուզում ձուլվել ամբոխին, չի ուզում գոռալ այն անհեթեթ բաները, որն ամբոխն է պարտադրում, նա հասկանում է, որ կարող է հասնել գիտակցական  մակարդակի, որը թույլ կտա ճանաչել իր էությունը։ Սակայն խնդիրն էլ հենց այն է, որ սա բարդ ճանապարհ է․ ֆիլմում կտեսնենք, թե ինչպես հարազատները, սիրելի անձնավորությունը, անծանոթ մարդիկ իրենց արարքներով  այս աղջկան կմղեն քայլերի, որ իր էության մասը չեն կազմում»։

Լիլիթը նշում է, որ Ֆիլմում շեշտը դրված չէ բռնության կամ էրոտիկայի վրա․սա մի պատմություն է, որ պետք է ուշադրություն հրավիրի ոչ թե այդ երևույթների, այլ դրանց առաջացման պատճառների վրա։
«
Ինչու՞ ֆիլմի հերոսուհին արեց այս կամ այն արարքը, ի՞նչ կարող էր կատարվել, եթե եղբայրը, հայրը կամ մայրը ձեռք մեկնեին ու ամուր հենք դառնային աղջկա համար․․․ Իսկապես հանգում ես այն կետին, որ բոլոր դժբախտությունների հիմքը սիրո պակասն է․․․»,-ասում է նա։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան