Մոցարտի սիրված գործերի կատարմամբ Երևանում նշվեց կոմպոզիտորի 265-ամյակը

Հանրահայտ դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը և «Armenian» լարային քառյակը Մոցարտի ծննդյան 265-ամյակի առթիվ հանդես եկան համատեղ համերգային ծրագրով, որի շրջանակում կատարեցին կոմպոզիտորի լավագույն ստեղծագործությունները: Երեկոն տեղի ունեցավ մարտի 29-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Երեկոյին հնչեցին Սոնատ ջութակի և դաշնամուրի համար դո մաժոր, Դաշնամուրային տրիո դո մաժոր, Դաշնամուրային կվարտետ սոլ մինոր, Դաշնամուրային կվարտետ մի բեմոլ մաժոր ստեղծագործությունները:

‹‹Armenian›› լարային քառյակի կազմում հանդես են գալիս Աստղիկ Վարդանյանը (ջութակ), Ռազմիկ Հովհաննիսյանը (ջութակ), Վահագն Եղիշյանը (ալտ) և Հակոբ Աթյանը (թավջութակ): Երիտասարդ երաժիշտները 2018 թվականից միավորվել են քառյակի կազմում՝ նպատակ ունենալով ակտիվ գործունեություն ծավալել կամերային երաժշտության ասպարեզում: Քառյակի առաջին ելույթը տեղի է ունեցել բարեգործական համերգաշարով`‹‹Լույս հայի աչքերին›› խորագրի ներքո՝ ի աջակցություն ‹‹Հայկական ակնաբուժության ծրագիր›› բարեգործական հիմնադրամի: Քառյակը հանդես է եկել ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում, Դիլիջանում: Կոմիտասի 150-ամյակին ելույթ է ունեցել Սիդնեյի հեղինակավոր համերգասրահներից մեկում, Մելբուռնի հայկական եկեղեցում: Սեպտեմբերին մասնակցելու են Փարիզում կայանալիք փառատոնի:

Սվետլանա Նավասարդյանը համերգային ծրագրերով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում, մասնակցել Փարիզի, Գրանադայի, Էխտեռնախի (Լյուքսեմբուրգ), Վենետիկի միջազգային փառատններին, եղել միջազգային մրցույթների ժյուրիի անդամ: Նվագացանկն ընդգրկում է Յո. Ս. Բախի, Լ. Բեթհովենի, Ռ. Շումանի, Պ. Հինդեմիթի, Դ. Շոստակովիչի, Ա. Խաչատրյանի, Ա. Բաբաջանյանի, Գ. Հովունցի, Տ. Մանսուրյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Նրա կատարումներն աչքի են ընկնում ուրույն մեկնաբանությամբ, մասշտաբայնությամբ, դրամատիկ հագեցվածությամբ: 1977 թվականին երաժիշտն արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր, 1984-ին` ժողովրդական արտիստի կոչման, 1988-ին` ՀՀ պետական մրցանակի: 2003 թվականին պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», 2010-ին՝ ՀՀ «Մեսրոպ Մաշտոց», 2016-ին՝ ՀՀ Պատվո շքանշաններով: