Ամերիկացին 191 անգամ դիտել է «Վրիժառուները. Վերջնախաղ» ֆիլմն ու հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում

Ամերիկացին 2019 թվականին թողարկված Marvel-ի կոմիքսների էկրանավորումը՝ «Վրիժառուները. Վերջնախաղ» ֆիլմը 191 անգամ դիտելու շնորհիվ հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, գրում է UPI-ն։

Ռոմիրո Ալանիսի խոսքով՝ միևնույն ֆիլմի դիտումների քանակով ռեկորդ սահմանելու գաղափարը ծնվել է այն ժամանակ, երբ պարզել է՝ «Վրիժառուները. Անվերջության պատերազմ» ֆիլմը 103 անգամ դիտելու համար մեկ այլ ամերիկացի հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Ալանիսը գրեթե կրկնապատկել է վերջինիս ռեկորդը՝ 90 օրում 191 անգամ դիտելով «Վրիժառուները. Վերջնախաղ»-ը ֆիլմը։

«Ֆիլմերը կյանքի, մշակույթի և հասարակության մասին խորը ուղերձներ են պարունակում»,- ասել է երիտասարդը։

Նրա խոսքով՝ մասնավորապես սուպերհերոսների մասին ֆիլմերը սովորեցնում են «օգնել մարդկանց»։

«Գուցե գերմարդկային հատկություններ չունենք, բայց բոլորս էլ կարող ենք փոխել ինչ-որ մեկի կյանքը»,- ասել է նա։

Ֆիլմը 191 անգամ դիտելու համար տղան սահմանափակել է ընտանիքի և ընկերների հետ շփումները և որպես ապացույց՝ ներկայացրել է կինոթատրոնների կտրոնները։