«Այս ֆիլմի ընթացքում ես սովորեցի նորից ժպտալ»․ Նազենի Հովհաննիսյանը կիսվել է Հրաչ Քեշիշյանի նոր ֆիլմի լուսանկարներով

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը սոցցանցերի իր էջերում նոր լուսանկարներ է հրապարակել, որունցում իր գործընկների (ընկերների) հետ է։ Նազենին այժմ նկարահանվում է Հրաչ Քեշիշյանի «Երջանկության մեխանիկա» 16 մասանոց ֆիլմում։ Լուսանկարներում Նազենին բալետի արտիստ Ռուբեն Մուրադյանի, Հրաչ Քեշիշյանի, դերասան Ներսես Ավետիսյանի և Ներսեսի կնոջ՝ Լիլիթ Ղազարյանի հետ է։

«Օրս սկսեմ շնորհակալությամբ իմ Ընկերոջը, տաղանդավորագույն՝ Հրաչ Քեշիշյանին, որի հետ անհավանական կյանք ապրեցինք վերստին՝ 16 մասանոց ֆիլմի նկարահանումների ընթացքում, ավելի ճիշտ ես վերակենդանացա…. անկյանք ու անիմաստ գոյությունս՝ խորագույն ապաթիան ու ցավը՝ իր բթացնող ներկայությամբ, ինձ տարել էին այնկողմնային աշխարհ… ու, եթե չլիներ հենց էս դերասանական խմբով ու հենց Հրաչի հետ թարմ օդով, արվեստով ու ստեղծագործությամբ լի այդ աշխատանքը, երևի ես էլ է՛լ չլինեի…
Հրաչ ջան, անհամբեր կսպասեմ ցուցադրությանն արդեն ապրիլի 5- ից, բայց հավատա, ամենաթանկը պրոցեսն էր. միասին աշխատանքը, վստահությունդ ու քո մարդկային նրբազգաց վերաբերմունքը: Թող քեզ նույնը հազարապատիկ վերադառնա:
Հ.Գ. Երջանկության մեխանիկան ապրելու իմաստ ունենալու մեջ է… Մենք պիտի նորից, զրոյից սովորենք իմաստ գտնել… զրոյից:
Իսկ այս ֆիլմի ընթացքում ես սովորեցի նորից ժպտալ, սովորեցի զգալ ու ապրել ոչ միայն ցավը, այլև հաճույքը՝ միասնական աշխատանքից կամ լավ ապրված պահից, սովորեցի նորից փայլել՝ մի քիչ… ներսից … գուցե դեռ աննկատ:
Հ.Գ. Շնորհակալ լինելը կարևոր հատկանիշ է. մեր տեխնիկական ամբողջ թիմին մի օր կանդրադառնամ. պայծառ, անհրաժեշտ ու կարող դեմքեր։ Շնորհակալ եմ»,- գրել է դերասանուհին: