«Արամ Խաչատրյան» համերգասրահն ամեն երկուշաբթի հյուրընկալ դռները կբացի դպրոցականների առաջ

Ապրիլի 12-ից ամեն երկուշաբթի ժամը 15։00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահն իր հյուրընկալ դռները կբացի բոլոր այն դպրոցականների առջև, ովքեր կարևորում են դասական երաժշտության հետ կենդանի հաղորդակցությունը, ցանկանում են բացահայտել նվագախմբային սիմֆոնիկ երաժշտության գաղտնիքները:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և դիրիժոր Ռուբեն Ասատրյանը պատրաստ են երեխաների համար ստեղծել այն առանձնահատուկ մթնոլորտը, որտեղ նրանք կկարողանան լսել, տեսնել, սովորել և, իհարկե, վայելել դասական երաժշտություն։
Ապրիլի 12-ին կայանալիք «Դո-ից Սի» համերգին կհնչեն Արամ Խաչատրյանի, Մոցարտի, Կարեն Խաչատրյանի, Բախի ստեղծագործությունները: Ծրագրին կարող են մասնակցել ՀՀ պետական հանրակրթական դպրոցների 4-9-րդ դասարանների աշակերտները և ուսուցիչները ՀՀ ԿԳՄՍ նախարարության Դպրոցական բաժանորդային (աբոնեմենտային) համակարգի միջոցով՝ անվճար հիմունքներով:
Ծրագրի մասնակից կարելի է դառնալ նաև՝ ձեռք բերելով տոմսեր «Արամ Խաչատրյան» համերգասրահի տոմսարկղից։