Dorians-ը վերադառնում է․ Գոռ Սուջյանը կիսվում է մանրամասներով

«Dorians» ռոք-խումբը 10 տարվա դադարից հետո նոր երգ և տեսահոլովակ կներկայացնի:
Երգը կոչվում է «Մենք պիդ կանգնինք»։
«Dorians»-ը կհամագործակցի թավջութակահար Արտյոմ Մանուկյանի հետ: Երաժշտությունը գրել է Գոռ Սուջյանը, խոսքերի հեղինակը Վարդան Զադոյանն է:

Երաժիշտները միավորվել են՝ իրենց օրինակով հայրենակիցներին ոգևորելու համար: Լուրը Ֆեյսբուքում հայտնել է խմբի նախկին պրոդյուսեր Վահագն Գևորգյանը:

«Պատերազմի օրերին, երբ ակնհայտ էր, որ մեր փրկությունը մեր միասնական լինելու և համախմբվելու մեջ է, միտք առաջացավ՝ միավորելու մի թիմ, որը գրեթե 10 տարի գոյություն չունի։ Միավորվել և կատարել մի աշխատանք, որը կոգևորի մեր ազգին։ Պատերազմն ավարտվեց այնպես, ինչպես գիտենք, և հիմա մենք պարտավոր ենք ոտքի կանգնել հանուն այն տղերքի, որոնք զոհվեցին, հանուն նրանց ընտանիքների, հանուն մեր երեխաների և մեր երկրի ապագայի»,- գրել է նա:

Showbiz.am կայքի հետ զրույցում Գոռ Սուջյանը պատմում է, թե ինչպես ստացվեց համագործակցությունը և կիսվում է, թե ինչն է ամենից շատ կարոտում նախկին խմբի մեջ։

««Dorians»-ի պրոդյուսեր Վահագնը, առաջարկեց 10 տարի անց մեր խմբով ևս մեկ երգ կատարել։ Այդպես որոշեցինք երգ կատարել՝ նվիրված վերջին իրադարձություններին»,-ասում է Գոռը։

Այն հարցին՝ արդյոք շարունակական կլինի «Dorians»-ի հետ  նրա համագործակցությունը, երգիչն ասում է․«Չեմ կարծում, ոչ։ Ավելի շատ իրադարձությունները ստիպեցին, որ գոնե մեկ երգ կատարենք միասին, և իհարկե, Վահագնը առաջարկեց, ես, բնականաբար, չէի կարող հրաժարվել»։

Արտիստը խոստովանում է, թե «Dorians»-ի հետ կապված ինչն է ամենից շատ կարոտում․ «Ճիշտն ասած, ինչ-որ չափով կարոտում եմ «Dorians»-ին, լինում են նման պահեր։ Ավելի շատ կարոտում եմ տենդը, երբ իրար հետ տենդով նվագում էինք, այդ զգացողությունները ժամանակ առ ժամանակ կարոտում եմ»։

Իր խոսքը Գոռը եզրափակում է՝ հայտնելով, որ «Project LA»-ի  հետ ինքը կշարունակի նոր երգեր ներկայացնել։

Մարտի  31-ին «Մենք պիդ կանգնինք» երգի տեսահոլովակի նկարահանումներն ավարտվել են: Սցենարի հեղինակն ու ռեժիսորը Վարդան Զադոյանն է, օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը, դերասանը՝ Հայկ Իսրայելյանը։

«Մենք հավաքվեցինք մեկ գաղափարի շուրջ՝ ցույց տալու, որ դա հնարավոր է, և մենք ազգովի պարտավոր ենք միավորվել՝ առավել ևս հիմա։ Չկիսել ու չկիսվել։ Չատել ու միայն սիրել։ Հարգել զոհերին և միմյանց։ Միայն այսպես մենք կկանգնենք»,- ֆեյսբուքյան էջում գրել է Վահագն Գևորգյանը:

Հիշեցնենք, որ «Dorians»-ը հիմնվել էր 2008 թվականին։ Խմբի անդամներն էին Գոռ Սուջյանը (վոկալ), Գագիկ Խոդավիրդին (կիթառ), Էդգար Սահակյանը (բաս կիթառ), Արման Փահլևանյանը (ստեղնաշարային գործիքներ) և Արման Ջալալյանը (հարվածային գործիքներ)։
2009թ. ապրիլին «Dorians»-ը Մոսկվայում` «Տաշիր» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացավ «Տարվա բացահայտում» մրցանակին։


2010թ. Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ «Dorians»-ը ճանաչվեց «Տարվա լավագույն ռոք-խումբ», իսկ 2011թ. նվաճեց միանգամից երեք` «Տարվա լավագույն ռոք – խումբ», «Տարվա լավագույն տեսահոլովակ», «Տարվա լավագույն երգիչ» մրցանակները։
«Dorians»-ի առաջին՝ «Fly» («Թռիչք»)  ձայնասկավառակի շնորհանդեսը տեղի ունեցավ 2011թ. դեկտեմբերին:
2012թ. «Դորիանսը» ելույթ ունեցավ աշխարհահռչակ ռոք – երաժիշտ, ստեղնահար Դերեկ Շերինյանի հետ։ Համերգի հատուկ հյուրն էր կենդանի ռոք – լեգենդ Գլեն Հյուզը: 2013թ. մայիսին խումբը «Lonely Planet» երգով  Հայաստանը ներկայացրեց «Եվրատեսիլ – 2013» երգի մրցույթում:

 

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան