Էլիզաբեթ 2-ի մայրը 19 միլիոն դոլար է կտակել արքայազն Հարիին

Հայտնի հեռուստահաղորդավար և պրոդյուսեր Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցի ժամանակ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին խոստովանել էր, որ ինքն ու կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, կարողացել են ԱՄՆ տեղափոխվել՝ շնորհիվ մոր՝ արքայադուստր Դիանայի թողած ժառանգության:

Չնայած Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի թոռը չի նշել գումարի չափը, որն արքայազն Դիանան թողել է իրեն, ԶԼՄ-ներին, այնուամենայնիվ, դա հաջողվել է պարզել՝ խոսքը 13 միլիոն ԱՄՆ դոլարի մասին է:

Բացի այդ, բրիտանական լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ արքայազն Հարիին, մորից բացի, ժառանգություն է թողել նաև նախատատը:

The Sun պարբերականի փոխանցմամբ, Էլիզաբեթ Երկրորդի մայրը՝ Էլիզաբեթ Բոուս Լայնոնը, արքայազն Հարիին թողել է 19 միլիոն դոլար ժառանգություն: Նշվում է, որ Հարին ավելի շատ գումար է ստացել, քան իր եղբայրը՝ Քեմբրիջի դուքս, արքայազն Ուիլյամը:

Նշվում է՝ այս քայլը կանխամտածված է եղել Էլիզաբեթ Երկրորդի մոր կողմից:

Արքայազն Չարլզի՝ թագավոր դառնալուց հետո արքայազն Ուիլյամը կդառնա Ուելսի նոր արքայազնը: Սա նշանակում է, որ նա կստանա նաև Քորնուոլի դքսությունը, որը ֆինանսավորում է գահաժառանգի հասարակական, բարեգործական և մասնավոր գործունեությունը: Հետևաբար, արքայազն Հարին ոչինչ չի ստանա:

Ժառանգության շնորհիվ նախատատը ցանկացել է պաշտպանել Չարլզի և Դիանայի կրտսեր որդու՝ արքայազն Հարիի ֆինանսական ապագան:

Նշենք՝ Մեգան Մարքլը, որը թագավորական ընտանիքի առաջին խառնածին անդամն է, հայտնի հեռուստահաղորդավար Օփրա Ուինֆրիի հետ երկժամյա հարցազրույցում մի շարք մանրամասներ էր ներկայացրել այն ժամանակաշրջանից, երբ արքայազն Հարիի հետ ամուսնանալուց հետո, բնակվել է Մեծ Բրիտանիայում: Հարցազրույցի ժամանակ Մեգանն անդրադարձել է այնպիսի թեմաների, ինչպիսիք են հոգեկան առողջությունը, ինքնասպանությունը, ռասիզմը: Մեգան Մարքլը խոստովանել էր, որ պատրաստ է եղել ինքնասպան լինել հղիության ընթացքում:

Բացի այդ, հարցազրույցի ընթացքում մանրամասներ է ներկայացրել նաև արքայազն Հարրին: նա, մասնավորապես, նշել է՝ թագավորական ընտանիքի ավագ անդամների պարտականությունները թողնելուց հետո թագավորական ընտանիքն իրեն և իր ընտանիքին զրկել է անվտանգության ծառայությունից և ամբողջապես դադարեցրել ֆինանսական օգնությունը: