«Որպեսզի ներկայացումը արդիական լինի, ահագին մարդիկ են աշխատում  ղեկավարությունում»․ կայացավ «Նազա՛ր, Նազա՛ր՝ մինչև վերջ» ներկայացման պրեմիերան

Կամերային թատրոնը կրկին հաճելիորեն զարմացրեց մեզ՝ բեմ հանելով նորացված Նազարին։
Արա Երնջակյանին այս անգամ էլ, ինչպես միշտ, հաջողվեց բեմադրել համարձակ, այժմեական, մեր կյանքի իրական դեմքը ցուցադրող ներկայացում, իսկ տաղանդաշատ դերասանների փայլուն խաղը այն հասցրեց կատարելության։

«Իմ ժողովուրդ, ձեզ բերել եմ ազատություն, անկախություն և լիքը փուչիկներ»,-ասաց Նազարը, ում դերը ներկայացման մեջ կատարում էր Հրանտ Թոխատյանը։
««Նազա՛ր, Նազա՛ր՝ մինչև վերջ» ներկայացման մեխը հենց Մեծ Նազարի կերպարն է, որը որ եղել է սկսած հեքիաթից, որը հետո ավելի բարդ ներկայացվեց Դերենիկ Դեմիրճյանի մոտ, իսկ Արա Երնջակյանի ընթերցմամբ այն ստացավ ավելի նոր ու արդիական հնչեղություն»,- Showbiz.am կայքի հետ զրույցում ասում է Թոխատյանը։

«-Այսի՞նքն Առաջին տիկին (Ուստիան)։
-Թագավորի կնոջն անվանում են առաջին տիկին (Տիրացու)։
-Ի՞նչ է, ուրիշներն էլ կա՞ն (Ուստիան)։
-Ուրիշները կոչվում են աշխատակազմ (Տիրացու)
»։

Նազարստանի Առաջին տիկնոջ՝ Ուստիանի դերը բաժին էր հասել դերասանուհի Իրինա Դանիելյանին, ով նշում է, որ դերի հետ կապված ոչ մի մտավախություն չի ունեցել։
«Ներկայացման նախնական տարբերակում երկու կերպար կար՝ Նազարն ու Տիրացուն, Ուստիանը չկար։ 1989 թվականին պարոն Երնջակյանը որոշեց, որ կին նույնպես կարող է մասնակցել այս ներկայացամանը, ու առաջին անգամ այդ տարբերակում հենց ես տարա Ուստիանի դերը։ Հետո եկան ծանր տարիները, մի պահ դադար վերցրի գործունեությանս մեջ, հետո երեխա ունեցա, տանն էի, երկար չէի աշխատում։
Ու վերջերս որոշեցինք ռեստարտ անել ու մենք էլ բեմ բարձրանանք»,-
հիշում է Դանիելյանը և հավելում,- «Ներկայացումը մեզանով չէ, որ արդիական է։ Ընդհանրապես, «Նազար» պիեսը արդիական է բոլոր ժամանակներում, հիմա առավել ևս»։

«Դու ի՞նչ ես դերասանություն անում, կարող է ուզում ես կարգին քաղաքապետ դառնալ»,-այս խոսքերով Նազարը դիմում է Տիրացուին, ում դերակատարը՝ Ռաֆայել Երանոսյանը, վերջում մի փոքր շփոթվելու հետևանքով փոխեց Արա Երնջակյանի պիեսի վերջաբանը, սակայն հանդիսատեսը, միևնույն է, հիացավ վերջինիս դերասանական խաղով, խարիզմայով ու հոտնկայս ծափահարեց Կամերայինի դահլիճը, իսկապես, պայթեցրած տրիոյին։

«Ես շփոթվեցի։ Ես այս ներկայացումը խաղում եմ վաղուց ու հնարավոր չէր, որ շփոթվեի, բայց այսօր իմ կյանքում առաջին անգամ շփոթվեցի։ Վարագույրը մի փոքր շուտ բացեցի, խառնվեցի, այդ պահին զգացի այդ անելանելի վիճակը, սխալմամբ ուրիշ տեքստ ասացի, բայց հանդիսատեսը չզգաց իմ այդ սխալը։
Եթե վաղը գաք ու ինձ այս թատրոնում տեսնեք, ուրեմն պարոն Երնջակյանն ինձ ներել է»,-
կատակում է Ռաֆայել Երանոսյանը։

«Ես ներկայացնում էի հավաքական կերպար՝ Տիրացուին, ով անդադար բերում է ինչ-որ ղեկավարների՝ նազարների, որոնք պետք է ինչ-որ խնդիրների լուծում տան, բայց ամեն անգամ չի ստացվում՝ չնայած իմ ուղղորդումներին, որովհետև նազարները նույնն են, իրենք չեն փոխվում։

Երբ այս ներկայացումը խաղում էին 30 տարի առաջ, պարոն Թոխատյանը, վստահ եմ, չէր մտածում, որ այն այսօր արդիական կլինի, բայց հիմա դրա ամեն մի բառը, կարծես, այսօրվա մասին գրված լինի։
Դերը սիրում եմ, բայց կերպարն ինձ հոգեհարազատ չէ, չէի ցանկանա ես այդպիսի մարդ լինել։
Քաղաքականացված հումորներից չեմ վախենում, որովհետև ինքս քաղաքականացված չեմ, այլ իմ գործն եմ անում»,-
եզրափակում է իր խոսքը Ռաֆայելը։

«Գըմփ-գըմփ հու», «Ընդիմություն քըշ, քըշ․ գնացեք Բաղրամյան», «Դու այս շիշը բռնի՝ պետք կգա», «Չմտածեք, թե ես մոմ բռնող եմ, ես Նազարստանի զարգացման համար ծրագիր եմ մշակել» և նմանատիպ այլ կատակներ մի փոքր քաղաքական երանգ էին հաղորդում ներկայացմանը, բայց ներկայացման բեմադրող ռեժիսոր Արա Երնջակյանը ժպիտով հավատացնում է, որ բոլոր զուգադիպություններն այսօրվա հետ պատահական են։


«Այս ներկայացումը ժամանակ առ ժամանակ բեմ է բարձրանում, դրա կարիքը կա։ Իմ և Հրանտի մոտ առաջացավ այն վերաբեմադրելու մտահղացումը։ Կան ներկայացումներ, որոնք ափսոս են և պետք է խաղացանկում միշտ լինեն, ու դրանցից է «Նազարը»։

Ֆինալը փչացրինք, անսպասելի էր, բայց դե կարևոր չէ, որովհետև շատ կարճ ժամանակում՝ մեկ ամսում է արվել ամեն ինչ։ Ես վախենում էի, որովհետև դերասանները հոգնած էին։
Դժվարությունները կապված էին թատրոնի հետ, որովհետև ամեն օր ներկայացում կար դրված, և մեր փորձերը հիմնականում գիշերներն էին լինում։

Ես, լրիվ միամիտ, ոչինչ ի նկատի չունենալով գրել եմ այս պիեսը, թե ինչու այսպես ստացվեց, չգիտեմ»,- ծիծաղելով նշում է պարոն Երնջակյանը, ով իր խոսքը եզրափակում կարևոր եզրահանգմամբ,- «Զուգադիպությունները ոչ թե մեր, այլ այն մարդկանց հետ են կապված, ովքեր ղեկավարում են։ Իրենք են գալիս-գալիս ու նազարացվում։ Որպեսզի ներկայացումը արդիական լինի, ահագին մարդիկ են աշխատում  ղեկավարությունում, թե չէ մենք կապ չունենք»։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան