Պոզները հավատացրել է, որ չնայած իր դեմ կազմակերպված բողոքի ակցիային, ինքը կվերադառնա Վրաստան

Լրագրող Վլադիմիր Պոզները հայտարարել է, որ անպայման կվերադառնա Վրաստան, չնայած իր վերջին այցի ընթացքում տեղի ունեցած բողոքի ակցիային: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Իր սեփական կայքում հրապարակված գրության մեջ Պոզները Թբիլիսի այցելության պատճառով բնակիչների կողմից կազմակերպված ցույցը կապել է Վրաստանում անցկացվող քաղաքական պայքարի հետ: Այդ բողոքի ակցիան նա «շաբաշ» է անվանել:

«Նրանք հիշել են Աբխազիայի մասին իմ հայտարարությունը, որն արել եմ 3 տարի առաջ, որպեսզի իրենց ձայնը բարձրացնեն մեր ավտոբուսի վրա ձվեր նետելու ձևով։ Ըստ երևույթին, նրանց մոտ հավի ձու շատ կա»,-գրել է Պոզները:
Նա հավելել է, որ որոշել է հեռանալ Թբիլիսիից, որպեսզի չվտանգի իր ընկերների կյանքը և խոստացել է վերադառնալ Վրաստան:

«Ես ուզում եմ ամենայն հստակությամբ ասել, որ ես ոչ մի զայրույթ չունեմ Վրաստանի կամ վրացիների նկատմամբ»,- ընդգծել է լրագրողը:
Հիշեցնենք, որ մարտի 31-ին Վրաստանի մայրաքաղաքում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել հեռուստալրագրող Պոզների դեմ, որը Թբիլիսի էր ժամանել իր ծննդյան օրը նշելու համար: