Էվա Ոսկանյանը՝ «Քավարան» սերիալի ավարտի, նոր ծրագրերի և հաղթահարած դժվարությունների մասին

Դերասանուհի և երգչուհի Էվա Ոսկանյանը Showbiz.am կայքի հետ զրույցում պատմում է ամերիկյան «Քավարան»  հեռուստասերիալի նկարահանումների ավարտի, իր նոր նախագծերի և արտագաղթելու մասին։
«Քավարան» հեռուստասերիալի սյուժեն բավականին ծանր է․ մի խումբ մարդիկ ընկնում են քարանձավ և հասկանում են, որ հնարավոր է այնտեղից այլևս երբեք դուրս չգան։

Հիշելով նկարահանումները՝ Էվան պատմում է․ «Քարանձավում են անցել նկարահանումները․ ցուրտ էր, մութ էր։ Դժվար չէին նկարահանումները, բայց անհարմար էին, առավոտից մինչ ուշ երեկո կապ չկար, անցնում էր օրն առանց արևի լույսի և մաքուր օդի։ Բայց ի տարբերություն անցած տարվա, երբ բոլորս նոր էինք միմյանց ճանաչում, նոր էինք միմյանց ադապտացվում, այս տարին ինձ համար ավելի թեթև էր, թե՛ դերի, թե՛ մնացած հարցերով։ Մենք անընդհատ թեստավորվում էինք, բոլոր կանոնները պահպանում էինք, դա արտասովոր էր, հին բնականոն կյանքի հետ ոչ մի կապ չուներ»։

Նշենք, որ Էվան առաջին մասնագիտությամբ երաժիշտ է, երկրորդ մասնագիտությամբ՝ հոգեբան, և հիմա մտածում է՝ արժե երրորդ մասնագիտությունը՝ դերասանությունը, դարձնել առօրյա և լցվել դրանով, թե ոչ։ Դեռ երկմտում է։
Նա նշում է, որ մտահոգություններ ունի սերիալների, դրանց որակի հետ կավպած․ «Բարդ է, թե որտեղ գնալ ու որ սերիալին մասնակցել, որակը գնալով փոխվում է, բայց դեպի դրականը։
Բայց կասկածներ դեռ կան։ Շատ քիչ սցենարիստներ ու ռեժիսորներ կան, որոնցից ես առաջարկ կընդունեմ, բայց կան»։

Իսկ թե կնկարահանվի Էվան հարկ եղած դեպքում բաց կամ 18+ տեսարաններում, դերասանուհին ասում է․«Երևի յուրաքանչյուր դերասան մեկ նախադասությամբ կարող է պատասխանել այս հարցին․ ամեն բան կախված է կոնտեքստից։ Դերասանները ներկայացնոմ են կերպարը, նրա կյանքը, իրավիճակը, ու հարկավոր է ապրումակցել ոչ թե կողքից, այլ ապրել այն, ինչ ապրում է քո հերոսը։
Եթե ունենամ բաց տեսարանների առաջարկ, ես լավ կմտածեմ, որովհետև անկախ ամեն ինչից, մենք այնպիսի երկրում ենք արում, որ պետք է հաշվի նստենք սոցիումի հետ»։

Թե դժվար 2020 թվականից հետո այսօր ինչ է հարկավոր հեռուստադիտողին, Էվան, միանշանակ, պատասխանում է՝ հումոր․«Անպայման պետք է նաև հումոր ներկայացնել, եթե ես ունենամ հիմա սիթքոմից առաջարկ, կընդունեմ, որովհետև դա այն է, ինչն անձնապես ինձ պակասում է։ Բայց դա էլ է կախված, թե ինչպես կներկայացվի»։


Նշենք, որ 2020-ին Էվան երկար ժամանակ աշխատում էր իր երկրորդ մասնագիտությամբ և հոգեբանական աջակցություն էր ցուցաբերում  մարդկանց։

«Ամեն ինչ սկսվեց 2020 թվականի մարտին, երբ ես գործնական առումով արդյունավետ շրջանում էի ու փորձում էի անգամ կարանտինի ընթացքում կանգ չառնել, մարդկանց հետ մնալ կապի մեջ։ Հետո, հասկացա, որ սթրեսային իրավիճակ է, և ես կարող եմ ավելի օգտակար լնել իմ երկրորդ մասնագիտությամբ ու սկսեցի զբաղվել  ճգնաժամային հոգեբանությամբ․ հոգեբանական աջակցություն էի ցուցաբերում մինչև հունիս։ Ուժերս կամաց-կամաց սպառվում էին։
Արվեստի ոլորտի մարդիկ անդադար սպասում էին, որ հեսա ամեն բան կավարտվի, բայց ամեն ինչ անորոշ մնաց։
Անցած տարին ինձ սովորեցրեց, որ որքան էլ ես իմ կյանքը պլանավորեմ, կյանքն իր ծրագրերն ունի, և իմ պլանավորածը կարող է դառնալ ոչ մի բան։ Դրա համար հիմա փորձում եմ երկարատև ծրագրեր չունենալ։ Ինչ վերաբերում է  պատերազմին՝ դժվարանում եմ մեկնաբանել, որովհետև ուղղակի համրացել էի, ու բարդ է ինձ համար այդ թեմայով խոսել»։

Չնայած այդ ամենին Էվան չի տեսնում ելքը արտագաղթելու մեջ, սակայն չի էլ մեղադրում նրանց, ովքեր չեն տեսնում իրենց հեռանկարը Հայաստանում։

«Ես վերջերս շատ եմ լսում, որ մարդիկ սկսում են արտագաղթել, հասկանում եմ իրենց ու չեմ կարող մեղադրել, այն էլ այս իրավիճակում։ Մարդիկ չեն տեսնում իրենց հեռանկարն այստեղ, ես էլ եմ սկսել չպատկերացնել իմ հեռանկարն այստեղ, բայց արտագաղթելու մասին չեմ ցանկանում մտածել, որովհետև ինձ համար կարևոր է, թե ես որտեղ եմ ու ինչ եմ անում, գոնե գիտեմ, որ տանն եմ, իմ հայրենիքում, ունեմ իմ հարզատներին, որոնց երբեք մենակ չեմ թողնի, և այս պահի դրությամբ ես մնում եմ այստեղ, հուսամ՝ դա երկար կտևի, ու այնքան ծայրահեղ վիճակում չեմ հայտնվի, որպեսզի արտագաղթեմ»,-ասում է նա ու հավելում, որ ապագայում նորություններ ունի երկրպագուների համար,- «Իմ գործունեության մեջ պատրաստում եմ երկու երգ ու տեսահոլովակ, որոնք տարբեր ոճերի են լինելու․ մեկը կլինի իմ հեղինակային ստեղծագործությունը, մյուսը՝ Cover տարբերակով։ Արպրիլին ունեմ համերգներ Գյումրիում՝ նվիրված գեղեցկության և մայրության տոնին, կունենամ նաև բարեգործական համերգ «Դինգո» թիմի համար, իսկ ապրիլի 10-ին Լոսանե Ջալալյանի գրքի շնորհանդեսին երաժշտական մասն եմ ապահովելու»։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան