Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը

Ամերիկյան հեղինակավոր Forbes հանդեսը հրապարակել է աշխարհի ամենահարուստ միլիարդատերերի ամենամյա վարկանիշային ցանկը: Չնայած համավարակին, 2020-ը հաջողակ տարի էր աշխարհի ամենահարուստ մարդկանց համար, որոնց ընդհանուր կարողությունը մեկ տարվա ընթացքում աճել է 5 տրիլիոն դոլարով․ ցանկում են հայտնվել աննախադեպ թվով նոր միլիարդատերեր։

Չորրորդ տարին անընդմեջ վարկանիշային ցանկը գլխավորում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը։ Նրա կարողությունը գնահատվում է 177 մլրդ դոլար՝ 64 մլրդ դոլարով ավելի, քան նախորդ տարի։

Ամերիկյան SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր, գործարար, միլիարդատեր Իլոն Մասկը 31-րդ հորիզոնականից բարձրացել է 2-րդ հորիզոնական։ Անցյալ տարվա ընթացքում Tesla-ի արժեթղթերն աճել են ավելի քան 700 տոկոսով, իսկ ընկերությունը դարձել է աշխարհի ամենաթանկ ավտոարտադրողը։ Անցյալ տարվա համեմատ՝ Մասկի կարողությունն ավելացել է ավելի քան 126 մլրդ դոլարով և այժմ գնահատվում է 151 մլրդ դոլար:

Հանդեսի հաշվարկներով՝ երրորդ տեղում է Ֆրանսիայի LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Բեռնար Առնոն է, որի կարողությունը գնահատվում է 150 մլրդ դոլար՝ գրեթե կրկնակի ավելի, քան նախորդ տարի։

Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը երկրորդ հորիզոնականից իջել է չորրորդ հորիզոնական, չնայած այն հանգամանքին, որ նրա կարողությունը 2020-ի ընթացքում 98 մլրդ դոլարից հասել է 124 մլրդ դոլարի:

Ամենահարուստ միլիարդատերերի հնգյակը եզրափակում է Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը՝ 97 մլրդ դոլար կարողությամբ: Անցյալ տարի նա զբաղեցնում էր յոթերորդ հորիզոնականը, իսկ նրա կարողությունը գնահատվում էր 54,7 մլրդ դոլար:

Աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցանկում են հայտնվել Berkshire Hathaway հոլդինգի ղեկավար Ուորեն Բաֆետը (96 մլրդ դոլար), ծրագրային ապահովում թողարկող Oracle կորպորացիայի հիմնադիրներից և ղեկավարներից մեկը՝ Լարի Էլիսոնը (93 մլրդ դոլար), Google կորպորացիայի հիմնադիրներ Լարի Փեյջը (91,5 մլրդ դոլար) և Սերգեյ Բրինը (89 մլրդ դոլար), ինչպես նաև Հնդկաստանի Reliance Industries հոլդինգի սեփականատեր Մուքեշ Ամբանին՝ 84,5 միլիարդ դոլար կարողությամբ:

Forbes-ի վարկանիշային ցանկում այս տարի տեղ է զբաղեցրել 2755 միլիարդատեր, ինչը 660-ով ավելի է, քան 2020-ին։  Նրանց ընդհանուր կարողությունը մեկ տարվա ընթացքում ավելացել է գրեթե 64%-ով և հասել է ռեկորդային 13,08 տրիլիոն դոլար ցուցանիշի։ Ցուցակից դուրս է մնացել 84 մարդ, նրանցից 23-ը՝ մահվան պատճառով։ Միլիարդատերերի կարգավիճակի վերջնական հաշվարկներն իրականացվել են 2021 թվականի մարտի 5-ին: