«Սա մեկ ներկայացում չէ, այլ մեկի մեջ ամփոփված հինգ պատմություն է»․ Կայացավ «Հինգ պատմություն սիրո մասին» ներկայացման պրեմիերան

Կամերային թատրոնը շարունակում է պրեմիերաների շարքը՝ ամեն անգամ իր հանդիսատեսին ներկայանալով նոր և բազմաժանր ներկայացումներով։ Երեկ երեկոյան թատրոնը կրկին բազմամարդ էր, կայացավ «Հինգ պատմություն սիրո մասին» ներկայացման պրեմիերան։ Ներկայացման ռեժիսորը երիտասարդ դերասան Դավիթ Աբրահամյանն է, ներկայացման մեջ զբաղված են սիրված դերասաններ Էվա Խաչատրյանն ու Մխիթար Ավետիսյանը։

ShowBiz.am-ի հետ զրույցում երիտասարդ ռեժիսորը նշեց, որ Լուսինե Երնջակյանից է առաջարկ ստացել Կամերային թատրոնում նոր ներկայացում բեմադրելու համար։ «Ես դեռ վաղուց ունեի այսպիսի մի գաղափար, որ մեկ ներկայացման մեջ երկու դերասան հանդես գային հինգ տարբեր պատմություններում։ Այնպես որ սկսեցի աշխատել այդ ուղղությամբ, հավաքեցի պատմությունը և արդեն պատրաստի պիեսը հանձնեցի Լուսինե Երնջակյանին և իր համաձայնությունը ստանալուց հետո սկսեցի արդեն մտածել դերասանական կազմի ուղղությամբ։ Եվ միանգամից ընտրությունս կանգ առավ Մխիթար Ավետիսյանի և Էվա Խաչատրյանի վրա։ Այս տարիների ընթացքում, ինչ ես աշխատել եմ Կամերային թատրոնում, երկուսի հետ էլ հասցրել եմ շփվել և շատ լավ գիտեի, որ նրանք ունեն նաև դրամատիկական թատրոնի դերասանին բնորոշ հմտություններ։ Իսկ այստեղ ներկայացումը ավելի դասականին հարող է, և խնդիր կար, որ մեկ դերասանը կարողանար հինգ տարբեր մարդկանց կերտել, կարողանար տարբեր ժանրերում աշխատել։ Եվ հաշվի առնելով Մխիթար Ավետիսյանի մեծ փորձն ու տաղանդը, ինչես նաև Էվա Խաչատրյանի էմոցիոնալ լայն դաշտն ու տարբեր կերպարներում հանդես գալու հիանալի կարողությունը՝ որոշեցի իրենց ներգրավել ներկայացման մեջ։ Բացի այդ իրենց զույգը ինձ շատ հետաքրքիր թվաց, վստահ եմ՝ իրենք հետաքրքիր կնայվեն բեմում միասին»,- մանրամասնում է Դավիթ Աբրահամյանը։

Խոսելով դերասանների ճիշտ ընտրության և նրանց խաղի մասին՝ ռեժիսորը վստահեցրեց, որ Մխիթարն ու Էվան միանշանակ արդարացրել են իր սպասելիքները։ «Մեր ներկայացման մեջ, եթե թեկուզ լինեն այնպիսի բաներ, որոնք տարրակարծությունների տեղիք կտան կամ թեկուզ հակասությունների, մի բանը հաստատ է, դա դերասանների հիանալի փոխհամագործակցությունն է, փոխադարձ սերը, փոխհարաբերությունների ճշգրտությունը ու մեր եռյակի մեջ տիրող առողջ աշխատանքային մթնոլորտը»,- նշում է ռեժիսորը։

Ներկայացումը բազմաժանր է․ ըստ Դավիթի՝ մեկ ներկայացման մեջ հանդիսատեսը կտեսնի մելոդրամա, հետո ափսուրդի հասնող ինչ-որ իրավիճակ, ապա կատակերգություն, փսիխոդրամա, հետո կենցաղային դրվագներ և այսպես շարունակ․ «Այսինքն մենք անընդհատ խաղալու ենք հանդիսատեսի էմոցիաների հետ։ Հանդիսատեսի կոնկրետ թիրախային խումբ չունենք, ներկայացման մեջ բոլորն էլ իրենց հարազատ մի բան կգտնեն, հաստատ պատմություններից որևէ մեկն իրենց համար ֆավորիտ կդառնա, և հենց այդ առումով էլ կայանում է ներկայացման հետաքրքրությունը, սա մեկ ներկայացում չէ, այլ մեկի մեջ ամփոփված հինգ ներկայացում»։

Ռեժիսորը նշեց, որ փորձերի ընթացքում նկատելի խոչընդոտներ չեն եղել, բայց միևնույն ժամանակ հավելեց, որ երբեմն շատ բուռն քննարկումներ են ունեցել, կարծիքների բախումներ, հակասություններ, բայց անպայման լսել են մեկը մյուսի կարծիքը և վերջում եկել փախհամաձայնության։

Դավիթը, ով մասնագիտությամբ դերասան է և միայն հիմա է մագիստրատուրայում սովորում ռեժիսորություն, նշեց, որ չնայած տարիքային տարբերությանը, իրենց աշխատանքում այն ոչ մի դժվարություն չի առաջացրել, քանի որ դերասաններն իրեն վստահել և հավատացել են։ «Մխիթարն էլ, Էվան էլ դիտել էին իմ նախորդ ներկայացումները, այդտեղից որոշակի վստահություն ձևավորվել էր իմ նկատմամբ։ Բայցի այդ առկա էին նաև ընկերական ջերմ հարբերությունները, կարելի է ասել, որպես էդպիսին ոչ մի խնդիր չի եղել։ Բացի այդ էլ եթե գաղափարները համընկնում են, գործն ինքնին հեշտ է ընթանում։ Մեզ մոտ շատ հանգիստ, նորմալ, առողջ մթնոլորտ էր՝ հիմնված փոխադարձ վստահության վրա»,- մանրամասնում է ներկայացման ռեժիսորը։

Ներկայացման վրա տարվող աշխատանքները նոր էին սկսվել, երբ Հայաստանում տարածվեց կորոնավիրուսային համավարակը․ «Ընդհատվեց մեր փորձաշրջանը, և երկար ժամանակ պարտադրված տանը մնալու հանգամանքից մենք հետ էինք վարժվել նույնիսկ փորձերի գործընթացից։ Եթե անգամ ինչ-որ օր էինք որոշում փորձերի համար, հավաքվում էինք, զգում էինք որ ինչ-որ բան այն չէ, հետո երբ հունի մեջ ընկավ ամեն բան, սկսվեց պատերազմը։ Պատերազմից հետո շատ ավելի բարդ էր, դժվար էր այդ ամենից հետո առաջին հերթին որպես մարդ ինքդ քեզ վերագտնելը, հետո նաև կարողանալ որպես արտիստ բեմում ներկայանալ՝ հատկապես երբ ներկայացման մեջ կային շատ ուրախ, թեթև հատվածներ։ Երևի պատերազմից մեկ ամիս անց էլ մենք չէինք կարողանում հավաքվել, մինչև որ հասկացանք, որ այս ամենը հաղթահարելու, երևի թե, ամենաճիշտ ուղին էլի արվեստն է։ Պետք է շարունակել ապրել, ու ապրել հենց այն մարդկանց համար, ովքեր իրենց կյանքը տվեցին այս օրվա համար, հակառակ դեպքում կստացվի, որ ամեն բան իզուր էր»։

Էվա Խաչատրյանը, խոսելով իր դերի և մտավախությունների մասին, պատմում է․ «Հինգ տարբեր պատմություններ են, տարբեր կերպարներ, տարբեր իրականություններ՝ մեկ ներկայացման մեջ։ Ներկայացման մեջ զբաղված ենք ես և Մխիթար Ավետիսյանը, և այդ հինգ պատմություններում էլ մենք ենք ներկայանալու։ Բոլոր պատմությունները իրարից տարբեր են, այնպես որ իմ կերպարներն էլ են իրարից բավականին տարբերվում»,- պատմում է դերասանուհին, ապա հավելում․ «Սկզբում մտավախություններ ունեի, ինձ թվում էր՝ դժվար կլինի, քանի որ գործերն էլ են իրարից շատ տարբեր․ և՛ ժանրային մատուցումն է տարբեր, և՛ տեսակներն են տարբեր։ Բայց աշխատանքի ընթացքում ամեն ինչ գտավ իր տեղը, ձևը, տրամադրությունը, ամեն ինչ հստակեցվեց և կարծում եմ՝ ամեն ինչ ստացվել է»,- մանրամասնում է դերասանուհին։

Թե՛ Մխիթար Ավետիսյանը և թե՛ Էվա Խաչատրայանը Կամերային թատրոնի դերասան են, և սա առաջին անգամը չէ, որ դերասանները միասին մեկ բեմում կհայտնվեն, սակայն սա առաջին անգամն է, երբ բեմում կլինեն միայն նրանք երկուսով։ «Ես Մխիթարի հետ շատ հանգիստ եմ աշխատում, նա շատ պրոֆեսիոնալ դերասան է, իր հետ իրոք շատ հեշտ է, և մեր հարաբերություններն էլ շատ-շատ ջերմ են, և բնականաբար դա էլ նպաստեց, որ մեզ մոտ ամեն բան շատ լավ ստացվեր։ Մեր եռանկյունին բավականին հաջողված է․ ռեժիսոր և դերասաններ կապը հստակ կերևա ներկայացման մեջ, մենք իրար կես խոսքից հասկացել ենք։ Այս ողջ ընթացքում մեր ներկայացումը բազմաթիվ փորձությունների ենթարկվեց, համավարակի ընթացքում, երբ թատրոնը դեռ փակ էր, մեր տեքստերի ընթերցման գործընթացն արդեն սկսվել էր, հետո դադարներ եղան, բայց վերջիվերջո հասանք մեր նպատակին, ներկայացումն արդեն իրականություն է»,- մանրամասնում է Էվան։

Դերասանները «Հինգ պատմություն սիրո մասին» ներկայացման շրջանակներում բեմ կբարձրանան նաև ապրիլի 9-ին և 25-ին։

Նյութը՝ Լուս Ավագյանի