«Սկզբում մարդիկ չէին ընկալում, թե ինչ ենք անում»․ Նազիկ Բաղդասարյանը յուրովի է ներկայացրել «Յարը մարդուն յարա կուտա» երգը

Դերասանուհի Նազիկ Բաղդասարյանը հանդիսատեսի դատին է հանձնել «Յարը մարդուն յարա կուտա» ստեղծագործությունը, որի տեսահոլովակն արդեն համացանցում է: Նազիկ Բաղդասարյանը, համագործակցելով երաժիշտ Գարիկ Գևորգի հետ, հայաստանյան հետաքրքիր ճարտարապետական կառույցները վերածում է ձայնագրման ստուդիաների՝ տեղում նվագելով և երգելով՝ ձայնագրելով տվյալ պահին լսվող ամեն ձայն:
ShowBiz.am-ի հետ զրույցում դերասանուհին մանրամասներ է ներկայացրել նոր հոլովակի նկարահանումների ընթացքից, երգի և տեղի ընտրությունից, ինչպես նաև խոստովանել, որ օր օրի իրենց նախագիծն է՛լ ավելի է սիրվում և ընդունվում հասարակության կողմից։

Նազիկն այս անգամ ևս հայերեն երգ է ընտրել, սա թվով երրորդ հայերեն երգն է, որը դերասանուհին կատարում է։ «Իմիջիայլոց նշեմ, որ շատ գովեստի խոսքեր եմ լսում հենց հայերեն երգեր երգելիս։ Այս անգամ ընտրել ենք «Յարը մարդուն յարա կուտա» երգը։ Երգի ընտրությունը կատարել է պրոդյուսեր ամուսինս։ Իրականում ես մի փոքր դժվարանում էի երգի ընտրության հարցում, փնտրում էի ու չէի կարողանում ինչ-որ բան գտնել։ Եվ շատ պատահաբար ամուսինս մի օր հաղորդագրությամբ ինձ ուղարկեց այս երգը և ասաց, որ այս անգամ սա ենք կատարելու։ Ես երգը անգիր գիտեի, ինձ այն շատ հեշտությամբ տրվեց, ընդամենը մեկ անգամ ենք փորձ արել ու միանգամից գնացել ենք նկարահանման հրապարակ»,- մանրամասնում է երիտասարդ դերասանուհին։

Տեղի ընտրությունը կրկին դերասանուհու ամուսինն է կատարել, և ըստ Նազիկի, այն իրոք շատ գեղեցիկ վայր է։ «Նկարահանումները իրականացրել ենք «Ռոսիա» կինոթատրոնի (Այրարատ) մի շատ մեծ սրահում, որը, ցավոք սրտի, չի օգտագործվում։ Շատ մարդիկ նույնիսկ չգիտեին, թե ուր էինք, և ինձ անընդհատ հարցնում էին, թե որտեղ ենք նկարահանումներն արել»,- կիսվում է դերասանուհին։

Խոսելով նկարահանումների և դրանց հարթ ընթացքի մասին՝ Նազիկը նշում է, որ ամեն բան շատ արագ է ստացվել․ «Երևի մեկ շաբաթում ընտրեցինք երգը, հետո վայրը, փորձ արեցինք ու արդեն գնացինք նկարահանումներին։ Այս անգամ իրոք ամեն բան շատ հարթ ու արագ ընթացք ունեցավ»։

Ամեն երգի ու հոլովակի հետ Natural Reverb երաժշտական նախագիծը է՛լ ավելի է սիրվում և ընկալվում հասարակության լայն շերտերի կողմից․ «Հաստատ կարող եմ ասել, որ այս ամենը շարունակական բնույթ է կրելու, որովհետև ինչքան ժամանակ անցնում է, ես զգում եմ, որ հանդիսատեսը, հեռուստադիտողը սկսում է է՛լ ավելի սիրել, հասկանալ, թե մենք ինչ ենք անում։ Սկզբում մարդիկ այդքան էլ չէին ընկալում, թե որն է մեր նպատակը, շատ մարդիկ չէին հասկանում, որ ամեն բան տեղում է ձայնագրվում, որ կենդանի կատարում է, որ մենք ճարտարապետական կառույցը դարձնում ենք ձայնագրման ստուդիա ու որ ոչ թե տեսահոլովակ ենք նկարահանում, այլ հենց ճարատարապետական կառույցն ենք ներկայացնում ու այնտեղի արձագանքը։ Սկզբում իրոք մի փոքր դժվարությամբ էին ընկալում, բայց հիմա քանի գնում է, շատ ու շատ մարդիկ ընկալում են մեր նախագծի իմաստը։ Իսկ այս հոլովակն առանձնահատուկ մեծ արձագանք ստացավ, չգիտեմ՝ ինչի հետ է կապված, բայց կարծում եմ, որ հիմնական դերը խաղացել է հենց երգի ընտրությունը, քանի որ այն շատերին հոգեհարազատ երգ է։ Իսկ մեր նախագիծը հաստատ շարունական է լինելու, որովհետև ապագայում էլի ունենք վայրեր, ուր հաստատ կգնանք և կնկարենք։ Կարծում եմ՝ էլի հայերեն երգեր կերգենք, քանի որ դրանք շատ ավելի են սիրվում և ընդունվում»։

Նազիկ Բաղդասարյանը, ով մասնագիտությամբ դերասանուհի է, վերջին շրջանում շատ ավելի հաճախ է նոր տեսահոլովակներով ներկայանում, սակայն միևնույն ժամանակ վստահեցնում է, որ այն բացարձակ չի խանգարում դերասանի իր մասնագիտությանը։ «Ես իսկապես չեմ կարող ասել, թե որն է ինձ համար առաջնայինը։ Որովհետև երկուսն էլ իմն են, երկուսն էլ շատ-շատ եմ սիրում։ Ես մասնագիտությամբ դերասանուհի եմ, ով նաև երգում է, և ասել, թե որն է առաջնայինը կամ կարևորը, իրոք շատ դժվար է։ Միշտ փորձում եմ այնպես անել, որ մեկը մյուսին չխանգարի։ Թատրոնում այս պահին հարաբերական դադար է ինձ մոտ, ինչը շատ լավ առիթ է այն օգտագործելու երգչի կարիերայով զբաղվելու համար, բայց դա չի նշանակում, որ դերասանի մասնագիտությունը երկրորդ պլան է մղվել»,- նշում է Նազիկը։

Երեկ Հայաստանում նշում էին Մայրության և գեղեցկության տոնը, առիթն օգտագործելով դերասանուհուց հետաքրքրվեցինք տոնի հանդեպ իր վերաբերմունքի և դրան կարևորություն տալու կամ չտալու մասին․ «Ես առհասարակ շատ եմ սիրում կանանց տոները, միշտ սպասում եմ մարտի 8-ին։ Ես շատ կարևորում եմ այն փաստը, որ այդ օրը կանանց մշտապես ուշադրության կենտրոնում են պահում, բոլորը ժպտում են, և ես իրոք շատ եմ ուզում, որ կանայք միշտ այնքան երջանիկ լինեն, ինչքան այդ օրն են լինում։ Իմ ամուսինն էլ իր հերթին երբեք չի թողնում, որ ես տխրեմ, թեկուզ ամենափոքր առիթներն էլ օգտագործում է, որ ինձ ուրախացնի ու ավելի երջանիկ դարձնի»։

 Նյութը՝ Լուս Ավագյանի