Կենդանի արձաններ, ուղղաթիռ և «հրեշտակներ». Գագիկ Ծառուկյանի որդու ճոխ հարսանիքը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի որդու` Նվերի և ռուսաստանցի գործարար Բյուզանդ Ավետիսյանի դստեր` Արփիի պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Առինջի Սուրբ Աստվածածին եկեղեցում։

Համացանցում արդեն տեսանյութեր են հրապարակվել, որոնցում երևում է, որ եկեղեցին զարդարված է եղել սպիտակ ծաղիկներով, բակում նվագել է ժողովրդական գործիքների անսամբլը, իսկ եկեղեցուց դուրս եկող հարսին ու փեսային դիմավորել են հրեշտակների հագուստներով աղջիկները, որոնք նրանց գլխավերևում վարդի ճերմակ թերթիկներ են շաղ տվել։

Ռեստորան տանող ճանապարհի երկու կողմերից հարսանեկան շարասյանը դիմավորել են տասնյակ երիտասարդ դհոլահարները, իսկ ռեստորանի մուտքի մոտ հյուրերին ողջունել են սպիտակ հանդերձանքով կենդանի արձանները։

Միջոցառման մասնակիցներից ոմանք պսակադրության արարողությանը ժամանել են ուղղաթիռով։ Թե ով է եղել ուղղաթիռում, առայժմ հրապարակված տեսանյութում չի երում։ Փոխարենը տեսագրություններից պարզ է դառնում, որ հարսանիքին ներկա են եղել նաև հայաստանցի այլ գործարարների զավակներ ու ընտանիքներ։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Sona Rubenyan (@sonarubenyan)

Ռեստորանի սրահը նույնպես զարդարված է եղել սպիտակ ծաղիկներով և լուսավորության ժամանակակից էֆեկտներով: Ելույթներ են ունեցել ռուսական և հայկական էստրադային աստղեր Սոսո Պավլիաշվիլին, Ստաս Միխայլովը, Նիկոլայ Բասկովը, Քրիստինա Օրբակայտեն, Արմենչիկը, Արամ MP3- ն, Սոնա Ռուբենյանը, Իվետա Մուկուչյանը և ուրիշներ:

Ծառուկյանի որդին՝ Նվերը, 21 տարեկան է: Զույգը նշանվել էր 2019-ի ամռանը:

Հարսնացուի հայրը, ըստ մամուլի, Ուֆայի հայտնի գործարար Բյուզանդ Ավետիսյանն է` Ուֆայի Բյուզանդը։

Հիշեցնենք, որ 2019-ի ամռանը Ծառուկյանն իր դստերը՝ Անահիտին, ամուսնացրեց հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու՝ Ալբերտ Սուքիասյանի հետ: Ծառուկյանի և Սուքիասյանի երեխաների հարսանիքին ներկա էին Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։