The Sun-ը բացահայտել է` մահից առաջ ինչ է խնդրել որդուն արքայազն Ֆիլիպը (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի ամուսինը՝ Էդինբուրգի դուքս, արքայազն Ֆիլիպը, մահից օրեր առաջ իր ավագ որդուն՝ Ուելսի արքայազն Չարլզին, խնդրել է հոգ տանել մոր մասին և գլխավորել թագավորական ընտանիքը, հայտնում է The Sun-ը՝ վկայակոչելով թագավորական կենսագիր Ռոբերտ Ջոբսոնին։

«Հիվանդանոցում զգացմունքային զրույցի ժամանակ Էդինբուրգի դուքսն արքայազն Չարլզին խնդրել է իր մահից հետո հոգ տանել թագուհու մասին։ Նա նաև հայտնել է, որ վերջինս առաջիկա տարիներին պետք է առաջնորդի թագավորական ընտանիքը»,- հրատարակությանը հայտնել է կենսագիրը։

Ինչպես ենթադրել է The Sun-ը, այդ զրույցի պատճառով է Ուելսի արքայազնը հիվանդանոցը լքելիս մռայլ տրամադրություն ունեցել։

«Իմ հայրը նշանավոր, նվիրյալ ծառայություն է մատուցել թագուհուն, իմ ընտանիքին և երկրին։ Մեր ընտանիքը շատ է կարոտում նրան։ Իմ սիրելի հայրիկը շատ առանձնահատուկ մարդ էր»,- արքայազն Ֆիլիպի մահից հետո գրել էր Ուելսի արքայազն Չարլզը:

Թագավորական ընտանիքի մեկ այլ աղբյուր նաև հայտնել է, որ արքայազն Ֆիլիպը ցանկություն է հայտնել վերադառնալ տուն և մահանալ Վինձորի ամրոցի պատերի ներսում՝ իր սեփական անկողնում։