«Գիրքը՝ բալասան». Հայաստանում մեկնարկեց Ազգային գրադարանային շաբաթը

Հասարակության զարգացման գործում գրքի և գրադարանների դերն ու նշանակությունն ընդգծելու, կարևորելու նպատակով ապրիլի 12-19-ը Հայաստանում կանցկացվի Ազգային գրադարանային շաբաթը:
«Գիրքը՝ բալասան»  խորագրով շաբաթվա մեկնարկի հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 12-ին Հայաստանի ազգային գրադարանում:

Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը հիշեցրեց, որ Գրադարանային շաբաթն անցկացվում է հոբելյանական՝ 20-րդ անգամ։
Ըստ նրա՝ նախաձեռնության շրջանակում կազմակերպվող միջոցառումները պետք է միտված լինեն  գրադարանների գործունեության իրազեկմանը:

Ապրիլի 19-ին գրադարանի մեծ ընթերցասրահում բացվելու է ամերիկյան  գրականության անկյուն, տարվա հոբելյաններին նվիրված միջոցառումներ են կազմակերպվելու, ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ գտնվող ոչ նյութական  մշակութային ժառանգության մաս կազմող արժեքներին վերաբերող տարբեր զեկուցումներ են ներկայացվելու:

Միջոցառմանը ցուցադրվեցին Ազգային գրադարանային շաբաթների քսան տարվա պատմությունը ներկայացնող պաստառները: Որպեսզի դրանք չկորեն, գրադարանի կայքում ավելացել է «Հայաստանի ազգային գրադարանային շաբաթ» բաժինը, որտեղ զետեղվելու են հավաքված նյութերը: Գրադարանի YouTube-ի էջում էլ զետեղելու են Հայաստանի ազգային գրադարանային շաբաթին վերաբերող հոլովակներ:

Միջոցառմանը Չուլյանը պատվոգրեր հանձնեց Ազգային գրադարանային շաբաթի հիմնադիր անդամներ Ներսես Հայրապետյանին, Ֆաթմա Խաչատրյանին, Ռաֆիկ Ղազարյանին, Հասմիկ Կարապետյանին, Դավիթ Սարգսյանին, Սաթենիկ Ավագյանին, Տիգրան Զարգարյանին, Մադլեն Հովսեփյանին, Աննա Շիրինյանին, Սիլվա Նատալի Մանուկյանին, Մարիետա Ամիրխանյանին:

Ավանդական դարձած Ազգային գրադարանային շաբաթը կազմակերպում և անցկացնում է Հայկական գրադարանային ասոցիացիան 2002 թվականից: 2002 թվականի ապրիլի 14-20-ը, երբ Հայաստանում անցկացվել է առաջին Ազգային գրադարանային շաբաթը, հանդիսավոր բացումը դարձյալ տեղի է ունեցել Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում։ Միջոցառմանը մասնակցել և ելույթներ են ունեցել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ, գրողներ, արվեստագետներ, դիվանագետներ, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: