Playboy-ի նախկին մոդելից գողացել են աշխարհում ամենամեծ նապաստակին (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայի Ուոչթերշեր նահանգի Սթոուլթոն գյուղում անհայտ անձիք գողացել են Playboy ամսագրի նախկին մոդելի Դարիուս անունով նապաստակին, որն աշխարհում ամենամեծն է, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

Գողացված նապաստակի տիրուհին` Անեթ Էդուարդսը, հայտնել է, որ կենդանին անհետացել է անցած հանգստյան օրերին, ինչի մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն և հայտնել նապատստակի մասին տեղեկություն փոխանցողին մոտ 1400 դոլար պարգևավճար տալու մտադրության մասին։ Կինը տեղեկացրել է, որ Դարիուսն արդեն ծեր է վերարտադրության նպատակի համար։

69-ամյա կինը բուծել և մեծացրել է ավելի քան 100 նապաստակ։ 2008 թվականից ի վեր նա համարվում է աշխարհի ամենամեծ նապաստակների տերը, որոնցից 4-ը գրանցված են Գինեսի ռեկորդների գրքում։ Վերջինը 1,29 մետր երկարությամբ Դարիուսն է, որը կշռում է 22 կիլոգրամ։

Դարիուսը մայրցամաքային հսկա նապաստակ է, որն աշխարհի ամենահին ցեղատեսակներից մեկին է պատկանում և առաջին անգամ հիշատակվել է 16-րդ դարի կեսերին: Այս նապաստակների կյանքի տևողությունը չորսից հինգ տարի է: Կենդանաբանները նշում են որ այս ցեղատեսակի նապաստակները շների պես բարյացկամ են, նրանց կարելի է վարժեցնել: Այնուամենայնիվ, հսկաները բուծվում են ոչ միայն որպես ընտանի կենդանիներ, այլ նաև մորթու և մսի համար: