Երևանի կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոնին մրցանակներ կշնորհվեն 12 անվանակարգում

2021 թվականի հուլիսի 25-30-ն անցկացվելու է 4-րդ Երևանյան կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնը:
Փառատոնի նպատակն է նպաստել նոր կինոսերնդի ձևավորմանը, օժանդակել երիտասարդ ստեղծագործողներին գտնել իրենց տեղը ժամանակակից կինոյում, ամրապնդել կապը Հայաստանի և օտարերկյա կինոգործիչների միջև, խթանել փորձի փոխանակումը:

Փառատոնը բաղկացած է լինելու միջազգային և ազգային ֆիլմերի մրցութային ծրագրերից: Մրցանակներ կշնորհվեն 12 անվանակարգում:
Ազգային մրցութային բաժնում արդեն ընդունվում են նաև վավերագրական ֆիլմեր, որոնց տևողությունը չպետք է գերազանցի 30 րոպեն:
Փառատոնի շրջանակում տեղի կունենան վարպետության դասեր, ստեղծագործական հանդիպումներ, դիտում-քննարկումներ, շնորհանդեսներ:
Ֆիլմերի ընտրական փուլի մասնակցության հայտերը ընդունվում են մինչ հուլիսի 1-ը՝ https://filmfreeway.com/YerevanShortFilmFestival հարթակում: Փառատոնն իրականացվում է Հայկական կինոյի ինդուստրիալ զարգացման մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ: