Երգչուհի Manizha-ն պատմել է 15 տարեկանում ապրած սեռական ոտնձգության մասին

Երգչուհի Manizha-ն (Մանիժա Սանգինը), ով 2021 թվականին կներկայացնի Ռուսաստանը Եվրատեսիլում, պատմել է իր վերապրած սեռական ոտնձգությունների մասին: Արտիստուհին իր ապրումները պատմել է Super պարբերականի YouTube-յան ալիքի «Алена, блин!» շոուին տված հարցազրույցում։

Երգչուհու խոսքով՝ իր հետ առաջին անգամ նմանատիպ միջադեպ տեղի է ունեցել 15 տարեկանում։ Այդ ժամանակ աղջիկը մետրոյով գնալիս է եղել ուսումնական հաստատություն, երբ անծանոթ մարդը դիպչել է իրեն։ «Դիպչել են իմ մարմնին, իմ սեռական օրգաններին։ Առաջին անգամ, երբ դա տեղի ունեցավ, ես շատ վախեցա, քանի որ չկարողացա ոչինչ անել, ես պարզապես սառեցի»,- ասել է Մանիժան:

Նա նշել է, որ միայն ավելի ուշ է հասկացել իր վախի պատճառը։  Աղջիկը վախեցել է, որ հանրությունը կդատապարտի։ «Դա այնքան է նստած մեր ուղեղներում․․․ Եթե ասես, որ ոտնձգություններ են կատարվել քո հանդեպ, քեզ դրա համար կդատապարտեն. իբր դու այդքան կարճ կիսաշրջազգեստ ես հագել, ճիշտ է, որ ոտնձգություններ են եղել»,- բացատրել է երգչուհին։

Նրա խոսքով՝ վերջերս հասարակական տրանսպորտում ևս մեկ նմանատիպ միջադեպ է գրանցվել։ Այս անգամ արտիստուհին չի վախեցել պատասխան տալ վիրավորողին. «Ես հրեցի այդ տղային և նա վախեցավ։ Նա դուրս թռավ վագոնից և այնքան էր վախեցել, որ բոլորը սկսել են նայել նրան»։

Աղջիկը հավելել է, որ #MeToo շարժումը շատ բան է արել, որպեսզի կանայք հավատան իրենց և դադարեն վախենալ բռնության մասին բացահայտ խոսելուց: