Annie Awards մրցանակաբաշխության գլխավոր մրցանակը շահել է «Հոգի» մուլտֆիլմը

«Հոգի» (“Soul”) մուլտֆիլմը հաղթել է հեղինակավոր Annie Awards մրցանակաբաշխության գլխավոր մրցանակը՝ դառնալով տարվա «Լավագույն անիմացիոն ֆիլմը»: Ապրիլի 16-ին տեղի ունեցած 48-րդ մրցանակաբաշխությունը կորոնավիրուսի պատճառով անց է կացվել վիրտուալ ձևաչափով:

«Հոգի» մուլտֆիլմը «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում արդեն ստացել է «Ոսկե գլոբուս»: Այն առաջադրված է նաև Օսկարի:

Pixar ընկերության մուլտֆիլմը պատմում է դպրոցական ուսուցչի մասին, որը երազում է հանդես գալ ջազային նվագախմբում: Երբ հաջողությամբ անցնում է լսումները հայտնի ակումբային երգչուհու մոտ, տուն վերադառնալու ճանապարհին ընկնում է դիտահորը և մահանում: Մահանալուց հետո ուսուցչի հոգին սկսում է ճանապարհներ որոնել կյանք վերադառնալու համար:

Annie Awards մրցանակաբաշխությունն ամենահայտնիներից է անիմացիայի աշխարհում: Այն շնորհվում է 1972 թվականից: