Դավիթ Հակոբյանը՝ 34-ամյակի, երազանքի և իր բնավորության մեջ փոխված կարևոր գծի մասին

Դերասան Դավիթ Հակոբյանը նշում է ծննդյան 34-րդ տարեդարձը։ Իր գլխավոր երազանքի, նվերների և այլ մանրամասների մասին Դավիթը պատմում է Showbiz.am կայքի հետ զրույցում։

Խոսելով այս օրվա ամենահիշարժան ու տպավորիչ նվերների մասին՝ Դավիթը նշում է, որ միշտ առանձնահատուկ նվերներ է ստանում իր կնոջից՝ դերասանուհի Նոնա Թելոյանից։

«Տարեդարձի հետ կապված ամենագեղեցիկը ոչ թե նվերների պահն է, այլ այն, որ մարդիկ հիշում, զանգահարում, շնորհավորում են։ Ես այդ պահերին ինձ շատ երջանիկ եմ զգում։ Իսկ նվերների առումով ինչ-որ նախընտրություններ չունեմ վաղուց է, որ ես եմ բոլորին նվերներ տալիս ու դրանից գերագույն հաճույք եմ ստանում, իսկ թե ինձ ինչ կնվիրեն՝ էական չէ, կարևորը ինձ հիշեն, շնորհավորեն։
Կինս է միշտ հետաքրքիր նվերներ ու անակնկալներ անում»,-
պատմում է դերասանը։

Դավիթը նշում է, որ անկախ նրանից, թե ինչպես են անցնում ծննդյան խնջույքները, իր ծննդյան բոլոր տոներն էլ ստացված է համարում։
«Երբ ընտանիքի և ընկերների հետ ես տոնում ծննդյանդ օրը, արդեն ամեն բան ստացված է ու հրաշալի։ Ինձ մոտ առանձնապես տպավորվել են այն ծննդյանս օրերը, որոնց ժամանակ տղաս՝ Էդուրադս է ինձ շնորհավորում, այդ էմոցիաներն ինձ շատ դուր են գալիս»,-ասում է Դավիթը։

34-րդ տարին իր հետ նաև նոր փոփոխություններ է բերել դերասանի համար։ Դավիթը նկատում է, որ իր բնավորության մեջ փոխվել է մեկ գիծ, ինչի համար ինքը շատ ուրախ է․ «Այս տարիների ընթացքում բնավորության շատ գծեր են փոխվել։ Առհասարակ, ես ավելի էմոցիոնալ մարդ եմ, ժամանակին շատ ագրեսիվ եմ եղել, հիմա շատ հանգիստ եմ դարձել։ Տարիքի հետ միայն դա է փոխվել, և ես շատ ուրախ եմ, որովհետև այսպես ավելի լավ է»։

Դժվար 2020 թվականից հետո, այժմ բոլորի երազանքը դարձել է մեկը՝ խաղաղություն։ Իր ծննդյան օրն այդ մասին է երազում նաև Դավիթը։

«Իմ ամենագլխավոր երազանքն այն է, որ մեր երկրում լինի խաղաղություն, առհասարակ, սահմաններում լինի խաղաղություն ու ոչ մի զինծառայող չզոհվի։ Երազանքս միայն կապված է մեր երկրի ոտքի կանգնելու և խաղաղության հետ, ուրիշ երազանք չունեմ։ 

Ես չեմ ցանկանում ինձնով սահմանափակվել, ցանկանում եմ նաև իմ հայրենակիցներին մաղթել խաղաղություն, սեր, երջանկություն, ընտանեկան ներդաշնակութուն։ Սերը պետք է մեր կյանքում շատ լինի և գերակշռի, որովհետև եթե սերը կա, ապա մնացած ամեն ինչ դրա արդյունքն է, իսկ եթե սեր չկա՝ կանգնում ենք լուրջ խնդիրների առաջ»,-ասում է դերասանը։

Նշենք, որ արդեն երկար ժամանակ է, ինչ Դավիթ Հակոբյանը միացել է «Երկուսով» սերիալի դերասանական կազմին: Նա հիշում է, որ նախորդ տարում մնացին մի շարք չիրականացված ծրագրեր ու նախագծեր․ «Այս պահին զբաղվածություն ունեմ «Շանթ» հեռուստասերիալում, իհարկե, կլինեն նաև այլ նախագծեր, բայց այս պահին զբաղվածությունս շատ է։
Իսկ 2020 թվականին մեծ ծրագրեր ունեի, բայց հօդս ցնդեցին դրանք կորոնավիրուսի հետևանքով։ Մենք ուրիշ հաղորդում նկարահանեցինք, բայց պատերազմի հետևանքով դադար եղավ, հուսամ՝ նկարահանումները կվերսկսվեն»։

 

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան