«Ակունք» ազգագրական համույթն առաջիկայում հանդես կգա «Հայացք» խորագրով համերգով

«Ակունք» ազգագրական համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Արթուր Շահնազարյան) պարարվեստի երկրպագուներին հաճելին կմատուցի՝ ներկայանալով «Հայացք» խորագրով համերգային ծրագրով, որը տեղի կունենա ապրիլի 25-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում։
Համերգային ծրագրում Արևմտյան Հայաստանի նահանգների հայկական երաժշտությունն է, երգն ու պարը։
Համերգին ընդառաջ դահլիճի վերաբացված ճեմասրահում ինքնատիպ ցուցահանդեսի միջոցով կներկայացվեն Արևմտյան Հայաստանի տարբեր նահանգների գորգերը, կենցաղային իրերն ու զարդերը։ Հավաքածուն տրամադրել է Էջմիածնի պատմա-ազգագրական թանգարանը:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Ակունք» ազգագրական համույթը մի քանի տասնյակ տարի Հայաստանում և աշխարհի տարբեր բեմահարթակներում հավուր պատշաճի ներկայացնում է հայ ազգային արվեստը:
Համույթը որպես սկզբունք դավանում է հայ ազգային երաժշտական ու ծիսական, մշակութային արժեքավոր սովորույթների ու ավանդույթների պահպանումը և սերնդեսերունդ փոխանցումը։ Այսօր էլ համույթը ակտիվ գործունեություն է ծավալում և հավատարիմ է իր առաքելությանը։