25 տարվա ընթացքում առաջին անգամ կցուցադրվի արքայադուստր Դիանայի հայտնի հարսանեկան զգեստը (լուսանկարներ)

Ուելսի արքայադուստր Դիանայի հայտնի հարսանեկան զգեստն ավելի քան 25 տարվա ընթացքում առաջին անգամ կցուցադրվի Քենսինգթոնյան պալատում, գրում է Daily Mail-ը։

Պարբերականը հայտնում է՝ 38-ամյա արքայազն Ուիլյամը և 36-ամյա արքայազն Հարին համաձայնել են թույլ տալ, որ իրենց հանգուցյալ մոր հարսանեկան զգեստը հանվի ժամանակավոր ցուցադրության։

Royal Style In The Making խորագրով ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն թագավորական ընտանիքի կանանց հայտնի զգեստները, կբացվի հունիսի 3-ին։

Դիզայներներ Դևիդ և Էլիզաբեթ Էմանուելների կողմից 1981 թվականին կարված հարսանեկան զգեստից բացի կցուցադրվի նաև զգեստի 7,6 մետրանոց քողը, որը թագավորական պատմության մեջ ամենաերկարն է համարվում։

19-ամյա Դիանա Սփենսերը Ուելսի արքայազն Չարլզի հետ ամուսնացել էր 1981-ի հուլիսի 21-ին։